Դատական պատասխանատվությունները կլռեցնե՞ն դեղին մամուլի մակարդակի իշխանություն-զրպարտիչներին

Ինչո՞ւ  հայ ժողովուրդը հասավ այսօրվա հանգրվանին․ իշխանության գլուխ անցավ մի խունտա, որը Հայաստանի պատմության ամենաամոթալի էջերն է լրացնում՝ երկիրը տանելով անարգանքի ու ոչնչացման։ Հասանք, որովհետև այսօրվա իշխանականները, որոնք անցյալում իրենց ընդդիմություն էին հորջորջել, հայտնի խեղողներ ու զրպարտիչներ էին, նրանք պայքարում էին ոչ թե պետության զարգացման, ոչ թե Հայաստանում ապրողների բարեկեցության, քաղաքացիական հասարակություն ձևավորելու համար, այլ անձնական քաղցը, փառասիրությունը հագուրդ տալու նպատակով, և դա այսօր ավելի քան ակնհայտ է։ Հիմա էլ խունտայի կարկառուն ներկայացուցիչները չեն հրաժարվել իրենց սիրելի զբաղմունքից։ Անգամ ՀԺ-ի խմբագիր Նիկոլ Փաշինյանը կառավարության և ԱԺ ամբիոններից շարունակում է ՀԺ-ին հատուկ, դեղին մամուլին վայել սուտ, հորինված հայտարարություններով մանիպուլացնել հասարակությանը, ապաշնորհ տիկնիկավարի պես տգետ զանգվածների ուղեղները լցնել աղբով ու մոլախոտով։ Եվ այսօրվա մեր դժբախտությունների, հուսալքությունների արմատները պետք  է փնտրել, օրինակ, Մարտի 1-ի ժամանակ հարթակ նետված կեղծ հայտարարությունների (մի երկու թշվառ գործակալ կա մեր երկրում, որոնք ԱՄՆ դեսպանատուն կեղծ հաղորդագրություն էին ուղարկել սպանված երեխայի մասին ու դրա համար մանկական կոշիկ ի հայտ բերել), «Հայկական ժամանակի» ու դրա պես կեղծ, ֆեյքային «լրատվամիջոցներում» պարբերաբար տպագրվող անգրագետ ու սուտ լուրերի մեջ, որոնցով մեզ սնեցին, արժեքներն իջեցրին շրիշակի մակարդակի, ատելություն սերմանեցին մեր տեսակի, մեր մերձավորների, նախկին բոլոր իշխանությունների նկատմամբ՝ ուրանալ տալով նրանց ժամանակ ունեցած բոլոր ձեռքբերումները հանուն պետականության կայացման ու պահպանման։ Այդ ֆեյք լրատվամիջոցների վառ երևակայությամբ հազարումի առասպելներ ծնվեցին այժմ արդեն նախկին իշխանությունների թալանի, մարդկանց հարստահարելու, կեղեքելու, հարստություն դիզելու, արտասահմանյան բանկերում կարողություն կուտակելու մասին։ Ինչ խոսք, անսխալական իշխանություն չի եղել, խոսքը դրա մասին չէ, այլ նրա, որ սուտ, չհիմնավորված տեղեկություններով ու զրպարտություններով ավելի ու ավելի է մեծացել իշխանություն-հասարակություն տարանջատումը, իսկ ատելության պատն ավելի է հաստացել՝ շիկացած մթնոլորտում ամեն պահի հեղափոխության հնարավորություն ստեղծելով։ Գունավոր հեղափոխության օրերին էլ փողոց դուրս եկած մարդիկ հենց այդ կեղծ կուտը կերածներն էին, որոնք իրոք հավատացել էին, թե Հայաստանում մարդկանց վռնդում են իրենց տներից, վերջին լուման գողանում ու որպես հիմնաքար դնում իրենց պալատների հիմքում, թե մարդկանց ձեռքից խլում են բիզնեսները, տղաներին դիտավորյալ թշնամու թիրախի տակ նետում, գռփում պետական հարստությունը՝ թույլ չտալով, որ հասարակ քաղաքացիներն օգտվեն դրանից․․․ Հենց այդ ֆեյք լրատվամիջոցների թեթև ձեռքով էլ մեզ համար ստամոքսն ու նյութն ավելի կարևոր դարձան պետությունից, ազգից, ազգային արժեքներից, արժանապատվությունից։

Մեզ 2018 թվական էր հարկավոր, որպեսզի փուչիկը պայթեր, բայց գիտակիցների համար։ Իսկ անգիտակիցներն այսօր էլ դեռ շարունակում են կամովին նախկին դեղին ընդդիմադիրների մանիպուլյացիաների զոհը մնալ՝ կուրորեն հավատալով սուտ մեղադրանքներին, թե այսօր էլ երկիրն ավերվում է, Հայաստանը տրվում թշնամուն որպես համադամ, իսկ Արցախն էլ իբրև լրացուցիչ ընծա նախկինների մեղավորությամբ ու գործուն մասնակցությամբ։ Սովորության ուժը զորեղ է։ Հիշում եք, երբ այսպես կոչված քպ-ն իշխանության էր եկել, լրատվամիջոցի բարձրախոս տեսնելով՝  նետվում էին դրա ուղղությամբ և շարունակում զազրախոս զրպարտանքները նախկինների թալանի, իբրև հակապետական քայլերի մասին։ Իրոք որ՝ արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին։ Սահմանափակ գիտելիքներով, անփորձ ու փառքի մոլուցքով կուրացած նորահայերը այլ ազդեցիկ բան չէին էլ կարող մտածել, քան թալանի, գողության, աններելի շքեղ ունեցվածք ունենալու թեման է։ Եվ ինչո՞ւ զուր գլխի մեջ եղած գորշ հեղուկները փոթորկեին, եթե առանց դրա էլ հին երգը չի կորցրել հիպնոտիկ ազդեցությունը անկիրթ ու նախկիններից ինչ-ինչ անձնական պատճառներով սրտնեղած քաղաքացիների վրա։ Միայն թե ամեն ինչ չափ ու սահման ունի, և զրպարտիչների, խեղողների բերանները սկսեցին փակվել դատական գործերի ազդեցությամբ։ Գուցե ավելի վաղ էր պետք միջոցներ ձեռք առնել, օրինակ, Նիկոլի թերթը իրավական լծակներով իբրև հակապետական հայտարարելու և փակելու համար, իսկ այսպես կոչված ընդդիմադիրներին իրենց սուտ հայտարարությունների համար դատական պատասխանատվության ենթարկելու։ Գուցե այն ժամանակ ամեն ինչ այլ ընթացք ստանար, և մենք էլ գիտակցեինք խոսքի արժեքը, հասկանայինք պետության անվտանգությունը խոսքի ազատության անվան տակ մեր վզին փաթաթելու տարբերությունը։ Այս տարվա ամռանը երկու տարվա դատական քննությունից հետո ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանին վերջապես հաջողվեց թոթափել իր մասին հերթական զրպարտությունը՝ վերականգնելով արժանապատվությունն ու պաշտոնյայի բարի համբավը։ Հիշեցնենք, խոսքը Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի վարչական գործի մասին է։ Դեռ 2019-ի ապրիլի 18-ին ԱԺ լիագումար նիստում, երբ ընտրվում էր ՀԾԿՀ-ի նախագահ, թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով՝ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր. «Ձեր պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների, զինվորականների հանձնաժողովը տվել է արտոնագիր ՀԷԿ-երի, ջրային ռեսուրսների կառավարման համար, և ակնհայտ է, որ այդ ոլորտներում  բազմաթիվ խախտումներ են տեղի ունեցել, թալան է տեղի ունեցել: Եվ դա, ընդհանուր առմամբ, ձեր կրավորական հայացքի ներքո և մասնակցությամբ: Ընդհանրապես, այդ պաշտոնյաները, ա՛յ Աղվան Հովսեփյանը, Խոսրով Հարությունյանը, տարբեր գեներալների, երբ լիցենզիա էիք տալիս ՀԷԿ-եր  կառուցելու, շարունակում են մնալ այդ մարդկանց  սեփականության տակ, որևէ ձևով փորձե՞լ եք դիմադրել, թույլ տալ չհամաձայնել հանձնաժողովի որոշումների հետ»: Հունիս ամսին Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Պետրոսյանի, գնահատելով գործով ապացույցները, բավարարել էր հայցվոր Խոսրով Հարությունյանի պահանջը և հաստատել այն փաստը, որ Արման Բաբաջանյանի կողմից 2019 թ․ ապրիլի 18-ի ՀՀ Ազգային ժողովի լիագումար նիստում հնչեցված արտահայտությունները  զրպարտություն են, ինչի համար Արման Բաբաջանյանը ոչ միայն պետք է հերքի դրանք, այլև փոխհատուցի վնասները, այդ թվում և դատական ծախսերը:

Պաշտոնյաների նկատմամբ նման զրպարտության, սուտ տեղեկություններ հանրայնացնելու մեկ այլ աղմկոտ գործ էլ վերաբերում է այս օրերին քննարկումների առանցքում հայտնված քպ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հայտարարություններին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ։ Նախկին նախագահը պատգամավորին դատի է տվել Ազգային ժողովում Սուքիասյանի հնչեցրած այն հայտարարության համար, թե իբրև Սերժ Սարգսյանը պաշտոնավարման ընթացքում պետական բյուջեից 100 միլիոն դոլարից ավելի գումար է տանուլ տվել Բադեն-Բադենի խաղատներում։ Դատական գործը տևական ժամանակ է՝ քննվում է դատարանում։ Այդ ընթացքում որպես արդարացում Խաչատուր Սուքիասյանը հայտարարել է, թե ինքն անհերքելի փաստեր ունի իր ասածը հիմնավորելու համար։ Բայց այս ամիսների ընթացքում որևէ նման փաստ չի սպրդել գոնե թե հավաստի աղբյուրի անվան տակ։ Որևէ մեկը կասկածո՞ւմ է՝ քպ-ական պատգամավորն անգամ եթե չնչին ապացույց ունենար, ապա իր կողմից ֆինանսավորվող «Արարատ նյուզ» լրատվամիջոցը վաղուց էր այդ առիթն օգտագործել՝ սկանդալային հրապարակում անելու։ Իսկ երրորդ նախագահը դատական հայցով ապացուցել է, որ որևէ փաստ էլ չի կարող լինել, քանի որ նման բան չի եղել, և ինքը համարձակորեն կարող է պատասխանատվության կանչել ենթադրյալ զրպարտչին։ Դատական քննությունը դեռ ընթանում է, բայց դատելով դատավարության ընթացքից՝ Խաչատուր Սուքիասյանը թերևս ստիպված կլինի ներողություն խնդրել ու բարոյական վնասի փոխհատուցում վճարել։ Իհարկե, չենք ուզում անմեղության կանխավարկածը խախտել, և սա իբրև պնդում չենք ներկայացնում։ Բայց դեռ մի դատական գործը չմարսած՝ օրերս Խաչատուր Սուքիասյանը հերթական դատական գործի հիմքերը ստեղծեց, երբ լրագրողների հարցերին պատասխանելու ժամանակ նախ հոխորտաց «Հինգերորդ ալիքի» լրագրողի վրա, այնուհետև հանրության համար հերթական կեղծ տեղեկությամբ փորձեց սևացնել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը՝ ասելով, թե նա ապօրինի գույք է ձեռք բերել, ինչպես նաև դիտավորութամբ «5-րդ ալիքի» սեփականատեր անվանելով Ռոբերտ Քոչարյանին՝ ակնարկի ձևով։ Եվ պատասխանը չուշացավ․ Ռ․ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը ֆեյսբուքյան գրառմամբ Խաչատուր Սուքիասյանին, որը հանրությանը հայտնի է Գռզո մականվամբ, հիշեցրեց, թե ով էր ինքը «հեղափոխությունից» առաջ․ «1992 թվականից տարբեր պետական պաշտոններ զբաղեցրած և փաստացի՝ այդ պաշտոնավարման ընթացքում, հետևանքով, թե դրանով պայմանավորված՝ միլիարդատերի վերածված Երևանի ամենահայտնի «յարմրկչին», ՀՀՇ-ական իշխանության և խնամի Վանոյի օրոք վերջինիս մտերմության բարիքները վայելած անձը ակնհայտ հոգեխանգարմունքի մեջ էր։ Զվարճալի էր լսել՝ ինչպես է Գռզոն բողոքում թալանից։ Գուցե շուտով տեսնենք նաև քաղակտիվիստ ոմն Խաչիկի՝ «Ոչ Թալանին» պաստառներով ակցիաները և հացադուլները «Սիրիուս» գործարանի, տոնավաճառի վերածված «Ռոսիա» կինոթատրոնի և դրա մերձակա պուրակի, պաշտոնյա եղած ժամանակ կոպեկներով սեփականացրած «Սիլ Պլազայի» շենքի և տասնյակ այլ օբյեկտների մոտ։ Վստահ եմ՝ մի օր անպայման քննության առարկա կդառնա, թե ինչպես պետական պաշտոնյա Խաչիկը դարձավ միլիարդատեր։ Իսկ նյարդային պոռթկում ապրող պերսոնաժին պարզապես հանգստացնենք դասականի խոսքով՝ «Спокойно, Маша, я Дубровский»»:

Իսկ Ռ․ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը պատգամավոր Սուքիասյանին տեղեկացրեց, որ իր հիստերիայի որոշ դրվագների հետ կապված նա պատասխան կտա դատարանում։ Ի դեպ, հեռուստաընկերությունը, որի լրագրողին վիրավորել էր գործարար պատգամավորը, ևս փաստաբանների հետ քննարկում է նրան դատական պատասխանատվության ենթարկելու հարցը։ Այնպես որ, պարոն Սուքիասյանը շուտով գուցե այլևս քաղաքական հարթակներից հայտարարություններ անելու ժամանակ չունենա՝ զբաղված լինելով իր դեմ հարուցված գործերով։

Թագուհի Ասլանյան