Ալիևների ընտանիքի մասին իրանական ֆիլմի հրապարակումը հարված է նրանց դիրքերին․ «Рыбарь» (տեսանյութ)

Հայ ակտիվիստ Միկա Բադալյանը գրել է Իրանի պետական Sahar TV պետական հեռուստաալիքի կողմից պատրաստվող վավերագրական ֆիլմի մասին՝ «Պատմության հետքերով», որը պատմում է Հեյդար Ալիևի (Ադրբեջանի նախկին նախագահը և գործող նախագահի հայրը) և Քուրդիստանի աշխատավորական կուսակցության հետ նրա ունեցած կապերի մասին, գրում է «Թելեգրամի»  «Рыбарь» ալիքը։

«YouTube-ում հրապարակված թրեյլերը բավական մեծ արձագանք է առաջացրել Իլհամ Ալիևի վարչակազմում։ Ադրբեջանի կառավարությունը զգալի ջանքներ է գործադրել դիվանագիտական ուղիներով՝ ֆիլմի ազատ հասանելիությունը, այն էլ ադրբեջաներենով հեռարձակվող ալիքով թույլ չտալու համար։

Մասնավորապես այս դեպքում հետաքրքիր է ոչ թե ադրբեջանական իշխանությունների արձագանքը, այլ Իրանի գործողությունները։ Իրանի հյուսիսարևմտյան հատվածում հակակառավարական ապստամբություններ հրահրելու Ադրբեջանի փորձերից հետո Թեհրանում հարևանի նկատմամբ մոտեցումը փոխվել է։

Դատելով ամեն ինչից՝ Իրանում գիտակցել են դատարկ սպառնալիքների և  անգործության վտանգը և պարզապես սկսել են պաշտպանել իրենց շահերը։

Ղարաբաղի հարցը ուժային ճանապարհով լուծելու, առավել ևս Իրանում միջէթնիկական հակամարտություն հրահրելու Ալիևի հետագա փորձերը կբախվեն ակտիվ պայքարին։

Այժմ Իրանում ակտիվորեն մշակում են Նախիջևանում և Ադրբեջանում Թալիշստանի պատմական տարածքում հանրաքվե անցկացնելու սցենարը՝ փաստացի ընդօրինակելով իրենց հակառակորդի (ավելի ճիշտ՝ ոչ թե Ադրբեջանի, այլ թշնամիների՝ ի դեմս Իսրայելի և Միացյալ Նահանգների) մարտավարությունը։

Էթնիկ ադրբեջանցիներով և թուրքերով բնակեցված տարածքում Ալիևների ընտանիքի «կմախքները» բացահայտող վավերագրական ֆիլմի հրապարակումը, կարևոր չէ՝ ճիշտ է դա, թե սուտ, լուրջ հարված կլինի Ադրբեջանի նախագահի դիրքերին։

Սա հասկանում են Բաքվում, և հիմնականում դրա պատճառով է, որ ադրբեջանական լրատվամիջոցները փոխել են Իրանում տեղի ունեցող իրադարձությունների լուսաբանման բնույթը՝ անցնելով ավելի չափավոր տոնի»,- գրում է  «Рыбарь»-ը։