Շվեդիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ կնքած համաձայնագիրը. Շվեդիայի վարչապետ

Շվեդիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Թուրքիայի հետ կնքած համաձայնագիրը մինչև վերջ, երկխոսության մեջ չի մտնի երկրում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության հետ, ասել է վարչապետ Ուլոֆ Քրիստերսոնը։

Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Քրիստերսոնը պաշտոնական այցով Թուրքիայում է։ Բանակցությունների հիմնական թեմաներն են լինելու ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության վերաբերյալ ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթնաժողովում ստորագրված համաձայնագրի կատարման ընթացքը, ԵՄ-ի և Թուրքիայի միջև հարաբերությունները, գլոբալ և տարածաշրջանային խնդիրները։

«Ես կցանկանայի տեղեկացնել, որ Շվեդիայի խորհրդարանը սկսել է աշխատանքը Թուրքիայի հետ միջխորհրդարանական «բարեկամության խմբի» ստեղծման ուղղությամբ։ Շվեդիան կկատարի հուշագիրը մինչև վերջ։ Շվեդիան երկխոսության մեջ չի մտնի «ՔԱԿ-ի հետ»,- Շվեդիայի վարչապետի խոսքերը մեջբերել է Star թերթը։

Ֆինլանդիան և Շվեդիան, Ուկրաինայում իրադարձությունների համատեքստում, մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին են հանձնել դաշինքին անդամակցելու հայտեր։ Սկզբում Թուրքիան արգելափակել էր այս հայտերի դիտարկման գործընթացը, բայց հունիսի 29-ին Թուրքիան, Շվեդիան և Ֆինլանդիան ստորագրել են հուշագիր անվտանգության ոլորտում, որը հաշվի է առնում Անկարայի բոլոր մտահոգությունները։ Թուրքիան, իր հերթին, հանել է առարկությունն այս երկու երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցության վերաբերյալ։ Հոկտեմբերի 6-ի դրությամբ 30 երկրներից 28-ն արդեն, բացի Թուրքիայից և Հունգարիայից, դրական որոշում են ընդունել ՆԱՏՕ-ին այս հյուսիսային երկրների անդամակցության մասին։