Ալիևը մեզանից լավ է գիտակցում, որ Հայաստանն ունի հնարավորություններ. Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ, ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը գրում է.

«Ալիևը հերթական ռազմատենչ ու հայատյաց ելույթն է ունեցել օկուպացված Շուշիում: Ելույթի հիմնական կետերը՝

  • Հայաստանը ջախջախվել է երկրորդ ղարաբաղյան պատերազմում, բանակը ջախջախվել է, բայց նրանք իրենց դրան համարժեք չեն պահում: Կան ուժեր, որոնք չեն ուզում համակերպվել պարտության հետ և վրեժի նպատակներ ունեն:
  • Հայաստանը չի կատարում նոյեմբերի 10–ի հայտարարության կետերը, դուրս չի բերում զորքերը Լեռնային Ղարաբաղից, չի տրամադրում մեզ «Զանգեզուրի միջանցք»: Նրանք հաճախ սադրանքների են գնում, և մենք պատրաստ ենք դրանց:
  • Մենք նրանց շարունակ դաս ենք տալիս, դաս տվեցինք նաև այս տարվա սեպտեմբերին: Մենք ստրատեգիական բարձունքներ ենք զբաղեցրել: Մենք Սևանի ափին ենք:
  • Ադրբեջանի բանակը ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ և դա թող բոլորն իմանան, առաջին հերթին՝ Հայաստանը:
  • Ղարաբաղը մեր հողն է: Ռուս խաղաղապահներն այնտեղ ժամանակավոր են:
  • Ճիշտ է՝ Հայաստանի որոշ արտասահմանյան հովանավորներ ցանկանում են մեզ ինչ-որ բանում մեղադրել։ Եվ ես նրանց պատասխան տվեցի: Կրկին, եթե նրանք ինչ-որ բան ասեն, ես նրանց դեռ պատասխաններ կտամ: Դա ինձ չի կանգնեցնում: Բայց բանն այն է, որ մենք պահանջում ենք մեր իրավունքը, և Ադրբեջանի իրավացիությունը կասկածի տակ չի դրվում միջազգային խոշոր դերակատարների կողմից:
  • Դիմել է նաև հայ ժողովրդին՝ ասելով «Հիմա դուք տեսնում եք օկուպացիայի հետևանքները: Մենք պարզապես պատասխանեցինք նրանց, կռվեցինք մեր հողի վրա, ագրեսորին դուրս հանեցինք մեր հողից: Նրանք պետք է դա հասկանան, որպեսզի չդառնան որոշակի ուժերի զոհ, որոնք նստած են արտերկրում և ցանկանում են տարածաշրջանը կրկին դիտել որպես խաղադաշտ: Մեր բանակը ցուցաբերել է հերոսություն, պրոֆեսիոնալիզմ և անձնազոհություն: Եթե պետք է, մենք նորից ցույց կտանք, կհասնենք մեր ուզածին, դա գիտեն բոլորը, և դա պետք է իմանան նաև նրանք, ովքեր մարտական զորավարժություններ են անցկացնում՝ ի աջակցություն Հայաստանի մեր սահմանին: Մեզ ոչ ոք չի կարող վախեցնել։ Եթե Հայաստանը ցանկանում է բարիդրացիական քաղաքականություն վարել, ապա առաջին հերթին պետք է կատարի 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության բոլոր դրույթները: Այն պետք է անկեղծ լինի Ադրբեջանի հետ խաղաղ բանակցություններում: Նա չպետք է արհեստականորեն ձգի ժամանակը, չպետք է սպասի ինչ-որ հրաշքի, որ ինչ-որ մեկը գա և կռվի նրանց փոխարեն: Ոչ ոք չի գա և չի կռվի նրանց փոխարեն։ Բայց նույնիսկ եթե նրանք գան կռվելու, միևնույն է, իրենց առջև կտեսնեն ադրբեջանական բանակը»:

Հիմնական եզրակացությունն այն է, որ Ալիևը շարունակում է սպառնալ մեզ պատերազմով, եթե իր պահանջները չբավարարեն, իսկ եթե դրանք բավարարվեն, ապա առաջ կքաշի նոր պահանջներ: Ելույթում ակնհայտորեն թիրախավորվում են նաև Ռուսաստանն ու Իրանը: Իմ տպավորությամբ, անգամ այս բարդ իրավիճակում Ալիևը մեզանից լավ է գիտակցում, որ Հայաստանն ունի հնարավորություններ, դրա համար կոչ է անում մեր հանրությանը՝ չգնալ այդ հնարավությունների հետևից և ապրել պարտվածի հոգեբանությամբ: Իհարկե, ոչ ոք մեր փոխարեն չի կռվելու, դրա համար էլ մենք պետք է մեր կռվին ու Ադրբեջանից եկող պատերազմի սպառնալիքին պատրաստ լինենք, եթե մենք պատրաստ լինեինք ու գիտակցեինք դա երեսուն տարի առաջ ու երեսուն տարի շարունակ, հիմա Ալիևը օկուպացված Շուշիից նման ելույթ ունենալ չէր կարող: