Լքե՞լ է արդյոք թշնամին Ջերմուկի մատույցները

Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հարցերին պատասխանելիս Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը հայտնել է, որ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Ջերմուկի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորները շարունակում են մնալ իրենց գրաված դիրքերում։

«Գլխավոր շտաբի պետն ասում է, որ գնացել են, ամեն դեպքում մենք տեսնում ենք իրենց (ադրբեջանցիներին) որոշակի տեսանելի տարածքում, որն անզեն աչքով հնարավոր է տեսնել»,- շեշտել է Գրիգորյանը։

Հարցին, թե արդյոք իրենց չի անհանգստացնում այդ վիճակը, Գրիգորյանը պատասխանել է․«Բնական է` չի կարող անհանգստություն չառաջանա, ուղղակի հնարավոր միջոցառումների ամբողջությունը, որ ձեռնարկել ենք, ողջամիտ դատողություն է տալիս, որ եթե հնարավոր ագրեսիան, Աստված մի արասցե, լինի, դիմակայելու հնարավորություն ունենք։ Որովհետև պաշտպանունակություն, լրացուցիչ միջոցառումներ, լրացուցիչ ուժեր, քաղաքացիների հետ աշխատանքը ամբողջությամբ արված է, և եթե արտառոց իրավիճակ լինի, մենք կփորձենք ադեկվատ պատասխան տալ»։

Հարցին, թե արդյոք ինքն ահազանգել է Պաշտպանության նախարարություն կամ Գլխավոր շտաբ, Գրիգորյանը պատասխանել է. «Ես պաշտպանության նախարարի հետ կամ Գլխավոր շտաբի պետի հետ չեմ խոսել։ Խոսում եմ մեր կորպուսի հրամանատարի հետ, մեր աշխատանքը ամենօրյա է։ Ինֆորմացիային տիրապետում ենք։ Չեմ կարող ավելի մանրամասն էս պահի պայմաններում ձեզ տեղեկացնել»։

Մարզպետը նաև փոխանցեց, որ իրենք իրավիճակի մասին տեղեկացրել են նաև Եվրամիության դիտորդներին։

Խոսելով սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո Ջերմուկում տիրող իրավիճակի մասին՝ մարզպետը նշել է, որ դրա արդյունքում բնակչության շուրջ 70 %-ը տեղահանվել էր քաղաքը։ Նրա խոսքերով՝ այս պահի դրությամբ բնականոն կյանքը վերականգնված է, տեղահանվանվածները մեծ մասամբ՝ բացառությամբ, գուցե, 15-20%-ի, վերադարձել են, սակայն խաթարվել են տուրիստական հոսքերը։ Մարզպետը հայտնեց, որ ադրբեջանական հրետակոծության հետևանքով ամբողջությամբ վնասված ճոպանուղին դեռևս չի գործում և վերականգնումից հետո էլ վտանգ կա, քանի որ գտնվում է թշնամու մշտադիտարկման տակ։ Թշնամու դիտարկման տակ են գտնվում նաև արոտավայրեր, որոնցից այլևս հնարավոր չէ օգտվել։

Ադրբեջանական զինուժի հարձակումից 3 օր անց` դեռևս սեպտեմբերի 16 -ին, ՀՀ դե- ֆակտո ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպմանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա՝ նախկին 11կմ-ի փոխարեն։ Շտաբի պետը, սակայն, վստահեցրել էր, թե ադրբեջանական այդ ուժերը շրջափակված են հայկական զինված ուժերի կողմից և այդ խումբը սնուցում չստանա, ապա մի քանի օրվա ընթացքում նրանց ռեսուրսները կսպառվեն և ստիպված կլինեն այդտեղից դուրս գալ:

Հոկտեմբերի 31-ին Ասրյանը ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտնեց․ «Հակառակորդի ստորաբաժանումները տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, և ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը: Նաև սեպտեմբերի 16-ից հետո, ես ևս երկու անգամ այցելություն եմ ունեցել Ջերմուկի ուղղություն, այնտեղ ամեն ինչ համակարգված է և իրադրությունը հարաբերական կայուն է»։ Մինչդեռ ջերմուկցիները վստահեցնում են՝ քաղաքի մոտակայքում տեղակայված ադրբեջանական ստորաբաժանումը շարունակում է իրենց տեղում մնալ, և դա երևում է նաև անզեն աչքով։

Դե-ֆակտո ԳՇ պետը որևէ կերպ չի մեկնաբանել առաջացած հակասությունը, սակայն այն, որ Ջերմուկն այլևս վերածվել է առաջնագծի, փաստ է։ Համարժեք ուժի կիրառման միջոցով ՀՀ սուվերեն տարածքից թշնամուն դուրս հանելու փոխարեն, դե-ֆակտո իշխանությունները հանդես են գալիս վերացական հայտարարություններով, իսկ ջերմուկցիներին պատրաստելով հերթական ագրեսիայի դեպքում դիմակայության՝ ստիպում են համակերպվել ստեղծված իրավիճակի հետ և իրենց՝ թշնամու մշտադիտարկման տակ գտնվելու փաստի հետ։ Ինչ վերաբերում է բնակչության մեծ մասի վերադարձին՝ «բացառությամբ 15-20%-ի», որը, մարզպետի ներկայացմամբ, էական թիվ չի կազմում, ապա անհրաժեշտ է արձանագրել, որ եթե ամեն հնարավոր ագրեսիայից հետո քաղաքի բնակչության 15-20%-ն այլևս չվերադառնա, ապա Ջերմուկի, ինչպես նաև առաջնագիծ դարձած շատ այլ բնակավայրերի հայաթափումն անխուսափելի է։ Իսկ հնարավոր ագրեսիայի ռիսկը հակահայ իշխանություններ ունենալու պարագայում, ինչպես դե-ֆակտո ԱԽՔ-ն է փաստում․«ոչ միայն պահպանվում է, այլ նաև մնում է բավականին բարձր»։

 

Աղբյուր՝ hayaliq.com