ՄԱԿ-ը խոստացել է առաջիկայում հանել ռուսական ցորենի արտահանման սահմանափակումները

ՄԱԿ-ը ՌԴ-ին խոստացել է, որ առաջիկայում կկարողանա հանել ռուսական պարենի արտահանման սահմանափակումները՝ ցորենի գործարքին համապատասխան։ Այս մասին ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին «Իզվեստիա»-ին տված մեկնաբանությունում, որը հրապարակվել է երկուշաբթի։

«ՄԱԿ-ը մեզ խոստանում է, որ ուր որ է՝ արդյունք է լինելու,- նշել է դիվանագետը։- Որոշում ընդունելիս [գործարքը երկարացնելու մասին] մենք գնահատելու ենք գործարքի ռուսական մասի կատարման և ՄԱԿ-ի համապատասխան ջանքերի արդյունավետությունը»,- ասել է նա։

Պոլյանսկին, պարբերականի տեղեկացմամբ, նշել է, որ «ՄԱԿ-ը ժամանակ ունի կատարելու հանձն առած պարտավորությունները մինչև նոյեմբերի 18-ը, այս ամսաթիվն է սահմանվել որպես ընթացիկ գործարքի «տրամաբանական վերջնաժամկետ»։

Ռուսաստանը նոյեմբերի 2-ին որոշել է վերականգնել մասնակցությունը ցորենի գործարքին այն բանից հետո, երբ Ուկրաինան ՄԱԿ-ի և Թուրքիայի միջնորդությամբ գրավոր երաշխավորել է, որ Սև ծովի անվտանգության միջանցքը չի օգտագործի ռազմական նպատակներով, տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ Մոսկվայում նշել են, որ իրենց են վերապահում համաձայնագրից դուրս գալու իրավունքը, եթե Կիևը խախտի իր տված երաշխիքները։

Ինչպես հինգշաբթի հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Մոսկվան բավարարված է նրանով, որ Անկարայի աջակցությամբ Ուկրաինան ստորագրել է անվտանգության երաշխիքները, բայց նախկինի պես չի տեսնում պայմանավորվածությունների փաթեթի երկրորդ մասի գծով արդյունքներ, որոնք վերաբերում են ռուսական պարարտանյութերի և ցորենի արտահանման սահմանափակումները հանելուն։