Դիտորդների շարքում կան մարդիկ, որոնք արձանագրումներ են արել․ Գեղարքունիքի մարզպետը՝ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին

Դիտորդական առաքելության ներկայությունը պատճառներից մեկն է, որ հակառակորդը նվազեցրել է կրակոցները Գեղարքունիքի մարզի ուղղությամբ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը:

«Իրենք ունեն մեկ շտաբ, բայց առաքելությունն իրականացնում են ամբողջ երկայնքով, որտեղ կատարվել է ագրեսիան: Առաքելությունը 8 հոգուց է բաղկացած: Իրենք զեկույց են ներկայացնելու, դիտորդների շարքում կան մարդիկ, որոնք արձանագրումներ են արել և վստահ են, որ Ադրբեջանն ագրեսիա է իրականացրել Հայաստանի տարածքի նկատմամբ և, որ տարածքներ է օկուպացրել Հայաստանից»,- նշեց Սարգսյանը:

Մարզպետի խոսքով՝ տեղահանված ընտանիքների մեծ մասը վերադարձել են, չեն վերադարձել հիմնականում Կուտականի և Սոթքի բնակիչները, որոնց տները ագրեսիայի հետևանքով շատ ծանր վնասներ են կրել:

«Սոթքում ունենք տներ, որոնք ամբողջությամբ փլուզված են և հնարավոր չէ ապրել, բայց իրենց համար տներ ենք վարձակալել, որ ապրեն այնտեղ մինչեւ տների վերականգնումը: 2021 թվականի մայիսից եղել են արոտավայրերի խնդիրներ: Եղել է, որ ֆերմերները հարկադրված մորթի են տարել իրենց անասուններին, բայց այս տարվա դրությամբ փաստագրված տվյալներ չկան: Սեպտեմբերից հետո եղել են ֆերմերային տնտեսություններ, որոնք ուզել են իրենց անասուններին վաճառել, բայց իրենց հետ ունեցել ենք հանդիպումներ, քննարկումներ: Այս պահին մարզում ֆերմերային տնտեսությունների քանակը չի պակասել»,- ասաց Գեղարքունիքի մարզպետը: