ՌԴ ՊՆ-ը հաստատել է․ Ադրբեջանը կրակել է Արցախի Խրամորթ գյուղի ուղղությամբ

ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Ադրբեջանը խախտել է հրադադարի ռեժիմը Լեռանային Ղարաբաղի Ասկերանի շրջանում։

«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զենքից կրակ են բացել գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ՝ Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում։ Գնդակոծության հետևանքով տեխնիկան աննշան վնասվածքներ է ստացել, բնակիչը չի տուժել», – նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Փաստի առթիվ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը ադրբեջանական կողմի հետ համատեղ հետաքննություն է անցկացնում։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նոյեմբերի 5-ին հայտարարել էր, որ ադրբեջանական մարտական ​​դիրքից կրակ են բացել Խրամորթ գյուղի իր հողատարածքում աշխատող Ստեփանակերտի բնակչի տրակտորի ուղղությամբ։ Կրակոցների հետևանքով վնասվել է քաղաքացու տրակտորը, միջադեպի վերաբերյալ տվյալներ են փոխանցվել ռուսական խաղաղապահ կոնտինգենտին։