Հանրային քննարկման է ներկայացվել ուսուցիչների վերապատրաստման նոր կարգը
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել ուսուցիչների մասնագիտական վերապատրաստման նոր կարգը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։
Վերապատրաստման նոր կարգի համաձայն, ուսումնական տարվա սկզբից պետք է իրականացվի ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքի գնահատում, որից ելնելով էլ կորոշվեն ուսուցչի վերապատրաստման ուղղությունները:
Ընդ որում, ուսուցչի մասնագիտական զարգացման կարիքը գնահատվելու է երեք միջոցներով.
– ինքնագնահատման՝ հենց ուսուցչի կողմից,
– դպրոցի ներսում՝ մեթոդմիավորման և մանկավարժական խորհրդի կողմից,
– արտաքին գնահատման միջոցով:
Կարգում ներկայացված է նաև այս երեք տարբեր միջոցների համադրման և հավասարակշռման մոտեցումը:
Ուսուցչի մասնագիտական զարգացման շրջափուլը սահմանվում է հինգ տարի և յուրաքանչյուր տարի ուսուցիչը կկարողանա հավաքել տվյալ տարվա համար սահմանված կրեդիտները:
Առաջիկայում նախարարությունը ներկայացնի նաև բուն վերապատրաստման ծրագիրն ու կրեդիտների չափաքանակները, որով պարզ կդառնա տարբերակված մոտեցումը ուսուցիչների մասնագիտական զարգացման նկատմամբ՝ կախված նաև վերջիններիս ստաժից և այլ գործոններից:
Գրառման մեջ նաև ասված է․
«Խնդրում եմ ակտիվորեն քննարկել, ներկայացնել առաջարկներ, որովհետև սա ուսուցիչների գործունեությանն առնչվող առանցքային նախագիծ է»: