Հունաստանը երբեք չի ճանաչի նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ․ Հունաստանի նախագահ

Հունաստանը երբեք չի ճանաչի նոր շրջանների մուտքը Ռուսաստանի կազմ։ Հայտարարել է Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն Կիևում կայացած մամուլի ասուլիսում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ բանակցություններից հետո։ Սակելարոպուլուի խոսքերը տարածել է նրա մամուլի ծառայությունը։

Նա նշել է, որ իր ներկայությունը Կիևում վկայում է այն մասին, որ Հունաստանն աջակցում է և համերաշխ է ուկրաինայի ժողովրդի հետ։ «Ես ձեզ հավաստիացնում եմ, որ մենք կշարունակենք աջակցել այնքան, որքան կպահանջվի։ Մեր դիրքորոշումը հստակ է և անսասան. միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը ռազմական ուժի և բաժանման միակողմանի գործողությունների կիրառման միջոցով անթույլատրելի է»,- ասել է Սակելարոպուլուն։

Նախագահն ասել է, որ «չնայած տնտեսության վրա զգալի բացասական ազդեցությանը՝ Հունաստանն աջակցել և լիովին կատարում է բոլոր պատժամիջոցային փաթեթները, որոնք Ռուսաստանի դեմ մտցրել է Եվրամիությունը»։ «Մենք անվերապահորեն աջակցել ենք Եվրոպական խորհրդի որոշմանը՝ Ուկրաինային ԵՄ թեկնածու անդամի կարգավիճակ տալու մասին, հումանիտար օգնություն ենք ուղարկել, ինչպես նաև պաշտպանական տեխնիկա։ Մենք ունենք Ալեքսանդրուպոլիս նավահանգիստը, որը տրանսպորտային հանգույց է դաշնակիցների համար, որոնք ցանկանում են օգնություն ցուցաբերել Ուկրաինային։ Եվ անմիջապես արձագնքել ենք Ուկրաինայի տասնյակ հազարավոր քաղաքացիների կարիքներին, որոնք ապաստան են փնտրել մեր երկրում»,- ասել է Սակելարոպուլուն։