Ֆինլանդիան և Շվեդիան չեն կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու պայմանները. Թուրքիայի ԱԳՆ

Ֆինլանդիան և Շվեդիան դեռ չեն կատարել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Անկարայի առաջադրած բոլոր պայմանները, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան վճռական են համագործակցել Թուրքիայի հետ և եկել է ժամանակը՝ ընդունելու նրանց Հյուսիսատլանտյան դաշինքին որպես լիիրավ անդամների։

«Մենք տեսնում ենք որոշ դրական քայլեր, մասնավորապես՝ սպառազինությունների էմբարգոյի վերացում և օրենսդրական փոփոխություններ։ Բայց դա բոլոր պայմանների կատարումը չէ»,-«ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերել է Չավուշօղլուի խոսքերը։

Նա նշել է, որ Ֆինլանդիայի հետ կապված խնդիրներ չկան, բայց և՛ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, և՛ այդ երկրներն իրենք են ցանկանում դաշինք մտնել համատեղ, նրանք չեն կիսում գործընթացը։

Միաժամանակ, Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հույս է հայտնել, որ բանակցությունները դրական արդյունք կունենան։

Շվեդիան և Ֆինլանդիան, որոնք հրաժարվեցին չեզոքության քաղաքականությունից, Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից անմիջապես հետո հայտարարեցին ՆԱՏՕ-ին անդամակցելու իրենց մտադրության մասին։