Ովքեր համարում են Արցախը բեռ, նրանք իրենց ծնողներին էլ են բեռ համարում (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գիրգորյանն է։

«Շատերն ասում են` Արսեն Գրիգորյանը զբաղված է քաղաքական գործունեությամբ։ Բայց ո՞րն է քաղաքականը, ի՞նչն է վատը իմ արածի մեջ՝ ոչ ոք չի կարողանում ինձ պատասխանել, որովհետև ես կյանքում այնպիսին եմ, ինչպիսին բեմում եմ։ Ես միշտ երգել եմ հայրենասիրական երգեր ու պիտի երգեմ։ Երգեր, որոնք ձոնված են մեր հայրենիքին ու մեր հայրենիքի համար մարտնչած, իրենց կյանքը նվիրաբերած մեր հայորդիներին, մեր հերոս տղաներին։ Նաև երգել ու երգում եմ սիրո երգեր, աշուղական, ժողովրդական երգեր, պարերգեր։ Այս ամենի կատարումը մեկ նպատակ ունի՝ ազգային, մշակութային ժառանգությունը պահելը։ Մշակութային ժառանգության մեջ կարևոր տեղ ունի ազգային երգը՝ իր բոլոր ճյուղերով։ Պատերազմից հետո ես իմ ընկերների հետ միասին սկսեցի զբաղվել նաև մեր ազգային ու պետական իրավունքների գործով։ Թող բոլորն իմանան, նաև մշակույթի ոլորտի իմ ընկերները․ այն, ինչ ես անում եմ՝ դա քաղաքական չէ։ Իմ ազգային ու պետական իրավունքի համար ես ամեն ինչի պատրաստ եմ անել»,-ասել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գիրգորյանը՝
Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարին տրված հարցազրույցում։

Վաստակավոր արտիստը նաև նկատել է․ «Աստված մեզ հայ է ստեղծել, մենք արարող տեսակ ենք, ինչպե՞ս կարելի է գնալ Աստծո ստեղծածին հակառակ՝ հեռանալով մեր տեսակից, դառնալով օտարամոլ, դա ինձ համար աստվածահաճ գործ չէ»։

«Այո, ես ազգային եմ, աշխարհի բոլոր ազգերի մեջ ես հարգում եմ հայրենասեր տեսակին։ Այսինքն, նա, ով իր հայրենիքը սիրում է՝ հարգանքի արժանի է։ Մենք այսօր ինքնահարգանքի խնդիր ունենք, երբ դու հայրենիքդ չես սիրում, ծնողներիդ չես սիրում, ազգային տեսակդ չես սիրում, ուրեմն, օտարն էլ քեզ բանի տեղ չի դնի»։

Խոսելով այս ծանր օրերին լռող արվեստագետների մասին, Արսեն Գրիգորյանը ասաց․ «Ուզում եմ հարց տալ՝ որտե՞ղ են այն հայրենասիրական ճառեր ասող մշակութային գործիչները, որտե՞ղ են․ նրանց մեծ մասը Հայաստանում չէ ու բավարարվում են իրենց մտահոգությունները հայրենիքի հարցում արտահայտել ֆեյսբուքյան մի փոքր գրառումով, ու դրանով իրենց գործը արված համարել։ Երանի մենք իրականության մեջ ապրենք: Ես հիմա իմ ընկերներին եմ նաև ասում՝ հայրենիքը դժվարության մեջ է, ես հիմա խրամատում եմ, ինձ ինչո՞ւ եք մենակ թողնում ու հայրենիքից գնում»։

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Արսեն Գիրգորյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։