Իշխանափոխության բանալին Հայաստանում է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը:

Անդրադառնալով Սոչիում կայացած Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպմանը և համատեղ հայտարարությանը՝ բանախոսն ընդգծեց, որ այն սպասելիքները, որ ունեինք մենք, չունեցանք, այն ամենը, ինչ տեղի էր ունեցել մինչ այդ, ամբողջությամբ իրեն արդարացրեց Սոչիում։ Ինչ վերաբերում է համատեղ հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մասին հիշատակման բացակայությանը, ըստ Սամսոնյանի՝ դա բնական է․ «Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ պետք է Արցախը լիներ, եթե արդեն Բրյուսելում Արցախի մասին ոչ մի բան չկար գրված, ինչո՞ւ պետք է Ալիևը համաձայներ նմանատիպ զիջման, եթե արդեն Բրյուսելում հասել էր նմանատիպ կետի»։ Ըստ բանախոսի՝ տեղի է ունենում այն, ինչ պետք է տեղի ունենա, և ակնկալիքներ պետք չի ունենալ ոչ Արևմուտքից, ոչ հյուսիսից Արցախի հարցում և ընդհանրապես ստեղծված իրավիճակի հայանպաստ հանգուցալուծման առնչությամբ, քանի դեռ մենք ունենք բանակցող, որը ներկայացնում է ոչ թե Հայաստանի, այլ հակառակորդի շահերը։

Ինչ վերաբերում է այն հակառուսական ալիքին, որ վերջին շրջանում տիրում է մեզանում, և որը հերթական դրսևորումն ունեցավ Սոչիի հանդիպումից հետո, երբ սկսեցին մեղադրել Պուտինին Սոչիի ձախողման հարցում, Նարեկ Սամսոնյանի կարծիքով՝ այդ ամենը բնական է և ուղղորդվում է, բայց հակառուսականությունը դեռևս այն մակարդակի վրա չէ, որ անհանգստացնի ռուսներին։ Հակառուսականությունը Հայաստանում կրում է սիստեմատիկ բնույթ, այսինքն՝ ինքը համակարգային բնույթի է և առաջնորդվում է իշխանության կողմից, ոչ թե հասարակության շրջանում է։

Բանախոսը կարևորեց այն իրողությունը, որ Հայաստանում նորմալ իշխանություն ձևավորելու համար մենք պետք է հույսներս դնենք բացառապես մեզ վրա և հույս չդնենք ոչ Ռուսաստանից, ոչ էլ Արևմուտքից կառավարվող իշխանափոխությունների վրա․ «Ես կարծում եմ՝ մեր ընդդիմության ձախողումների առանցքային հիմնաքարերից մեկը այս մտածելակերպն է, ու մենք էս մտածելակերպի պատճառով միշտ հանդիպելու ենք համապատասխան հետևանքի»,- հավելեց Սամսոնյանը։

Խոսելով ընդդիմության ներսում մեղավորներ փնտրելու և պառակտելու փորձեր իրականացնողների մասին՝ քաղաքագետը հիասթափություն հայտնեց, որ ցավոք կան կոկորդիլոսի ուղեղով մարդիկ, որոնց պատճառով ընդդիմությունը մի քայլ առաջ է անում, երկու քայլ հետ՝ «մարդիկ իրենց բնական դաշնակցին և բնական հակառակորդին չեն տարբերում», և նման գործունեությունը ճակատագրական է լինում Հայաստանի համար։

Անդրադառնալով այսօր ԱԺ հանձնաժողովներում 2023 թվականի բյուջեի քննարկման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն մտքին, որ ՌԴ դիրքորոշումը Ղարաբաղի կարգավիճակի հարցում համապատասխանում է ՀՀ կառավարության մոտեցմանը՝ Նարեկ Սամսոնյանն ասաց, որ գործ ունենք դասական ստախոսի հետ, ինքը չի հետևում իր նախորդ ասածին, ամեն անգամ ասում է բաներ, որոնք հակասում են իր իսկ նախորդ մտքերին, և քաղաքագիտական տերմինաբանությամբ նրա վարքը կոչվում է պոպուլիզմ։

Ամփոփելով՝ բանախոսը վստահություն հայտնեց, որ իշխանափոխության բանալին հենց Հայաստանում է, ժողովրդին պետք է ճիշտ սպասարկել։ Նրա պնդմամբ Հայաստանում կան թիվ մեկ քաղաքական օրակարգը սպասարկող գործող ուժեր, և իրենք էսպես թե էնպես անելու են, և այս պատային իրավիճակից դուրս ենք գալու, իսկ դրանից հետո բնական է՝ ամեն ինչ է փոխվելու, որովհետև չի կարող բանակցողը չփոխվել, և դու ունենաս արդյունք, և նույնը քաղաքական ընդդիմության մոտեցումների և տեսակետների մասին է՝ չես կարող դու անընդհատ անես նույն բանը և ունենաս արդյունք։ Չի կարող կապիտուլյանտը գնալ ու կնքել ոչ կապիտուլիցիա, ոչ հերթական կապիտուլիացիա, հետևաբար նախ պետք է վերանայել մոտեցումները, փորձել սպասարկել հանրության օրակարգը։ Էն մարդը, որն ասում է՝ ժողովուրդն է մեղավոր, ինքն ամենամեծ մեղավորն է, ավելի մեղավոր է, քան Նիկոլն է մեղավոր, ժողովուրդը մեղավոր չի, ժողովուրդը պատրաստ է, ժողովուրդը ցույց է տվել, որ պատրաստ է, եկեք հասկանանք՝ ոնց ենք անում, սպասարկենք ժողովրդի օրակարգը, պահանջները և իշխանափոխություն իրականացնենք էս երկրում՝ առանց Հյուսիսին, Արևմուտքին ու Հարավին սպասելու, որ էս երկիրը հնարավորություն ունենա ապագա ունենալու, մնացած բոլոր տեսակետները պատրվակ են ոչինչ չանելու»,- եզրափակեց Սամսոնյանը։

Մանրամասները՝ տեսանյութում