Իսրայելին կոչ են արել ազատվել միջուկային զենքից

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի առաջին կոմիտեն կողմ է քվեարկել, որպեսզի Իսրայելն ազատվի ամբողջ միջուկային զենքից և բոլոր միջուկային օբյեկտները դնի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հսկողության տակ, գրել է Jpost-ը։

Բանաձևն ընդունվել է ձայների ճնշող մեծամասնությամբ՝ 152 ձայն, դեմ են քվեարկել ԱՄՆ-ը, Կանադան, Իսրայելը, Միկրոնեզիան և Պալաուն։ Եվրամիությունը և ևս 23 երկրներ ձեռնպահ են մնացել։

Չնայած պաշտոնապես սա բանաձև է «Մերձավոր Արևելքում միջուկային զենքի տարածման վտանգի» մասին, այն կենտրոնացել է հիմնականում Իսրայելի վրա՝ չհիշատակելով Իրանը։

«Ցավալի է, որովհետև այն բոլոր երկրները, որոնք կողմ են քվեարկել այս բանաձևին, պետք է իրենց հարց տային, թե որն է անկայունության աղբյուրը տարածաշրջանում»,- Fox News Digital-ին ասել է ՄԱԿ-ում Իսրայելի նախկին դեսպան Դենի Դանոնը։ «Իսրայե՞լը, թե Իրանը։ Ո՞րն է սպառնալիքը տարածաշրջանի համար։ Եվ ես կարծում եմ, որ նրանք բոլորը գիտեն, որ սպառնալիքը բխում է Իրանից, ոչ թե Իսրայելից»։

Իսրայելը երբեք չի էլ ընդունել, որ միջուկային զենք ունի, չնայած լայնորեն տարածված է այն կարծիքը, որ ունի։ Բանաձևում հիշատակվել է, որ Իսրայելը չի ստորագրել Միջուկային զենքի չտարածման պայմանագիրը։