Սյունիքի մարզում արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին․ Արման Թաթոյան

Փաստահավաք հատուկ առաքելությամբ եռօրյա այցով Սյունիքի մարզում ենք Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի («Թաթոյան» հիմնադրամ/ “Tatoyan” foundation) խորհրդատուներ, միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանի (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնյանի (Karnig Kerkonian) հետ։  Այս մասին տեղեկացրել է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն,  ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։

Նպատակ ունենք ուսումնասիրելու ներկա վիճակը և արձանագրելու այն բոլոր խնդիրները, որոնք առաջ են եկել ադրբեջանական զինված ծառայողների անօրինական տեղակայումների հետևանքով։

Այս պահին միանշանակ է, որ մեր գյուղերի հարևանությամբ, ճանապարհներին նրանց ներկայության պատճառով վտանգված է մարդկանց անվտանգությունն ու խաթարված բնականոն կյանքը։

Արձանագրված բոլոր փաստերը կվերլուծվեն և կուղարկվեն միջազգային կառույցներին։

Այս աշխատանքը կարևոր է, որպեսզի թույլ չտանք, որ ադրբեջանական կողմը միջազգային հանրությանը մոլորեցնի իր խաղաղասիրության կեղծ օրակարգով։

Այո, խաղաղությունը կարևոր ու անհրաժեշտ է, բայց այն չպետք է թմրեցնի մեր զգոնությունն ու լինի միայն հայկական կողմի ու մեր իրավունքների ոտնահարման հաշվին։