Խաղողի մթերումն ամբողջությամբ ավարտված է, ոչ մի խնդիր չկա․ Վահան Քերոբյան

Խաղողի մթերումների հարցը լուծված է, ամբողջ խաղողը մթերված է, ոչ մի խնդիր չկա: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Ես գնացել եմ մի քանի անգամ մարզ, իրենք են եկել, բոլոր խնդիրները լուծված են»,-ասաց նա:

Հարցին, թե գյուղացիներից այլևս դժգոհություններ չկա՞ն, նախարարը պատասխանեց. «Դե հիմա կարող է մարդիկ դժգոհում են, որովհետև ցածր գնով է խաղողը մթերվել, բայց այս պահի դրությամբ ամբողջ խաղողը մթերված է»:

Այսօր ավելի վաղ, ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Քերոբյանն ասել էր. «Այս տարի ավարտվել է խաղողի մթերումը, ընդհանուր առմամբ մթերվել է ամբողջ խաղողը: Գինը եղել է մոտավորապես 120 դրամ, որն ավելի ցածր է, քան նախորդ տարի, որովհետև դրամի արժևորումը ստիպել է, որպեսզի մթերողներն ավելի ցածր գնով մթերեն, որ դոլարով վաճառվող էժան կոնյակի սպիրտը կարողանա մրցակցությանը դիմանա այլ երկրների կոնյակի սպիրտի հետ»: