ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի բյուրոյի ղեկավար Էրին Մըքիի գլխավորած պատվիրակությունն այսօր այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Հյուրերին դիմավորել է և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գզոյանը:

Նա հակիրճ անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանության պատմությանը՝ ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված ոճրագործության փուլերը, մեթոդները, պատճառներն ու հետևանքները:

Էրին Մըքին ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո հյուրերը ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել  Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Հյուրերին ուղեկցել են Հուշապատի մոտ, որի հետնամասում ամփոփված են օտարազգի այն հասարակական, քաղաքական գործիչների, միսիոներների մասունքները, որոնք իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ընդդեմ թուրքական կառավարության իրագործած հայերի ցեղասպանության: