Բայրամովի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլահիանը նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար ուժերի ներկայությանը, նշելով, որ դա հակասում է խաղաղությանը, կայունությանը և տարածաշրջանային համագործակցությանը։ Այս մասին գրում է ParsTodayը:

Կարևորելով տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականության պահպանումը, Ամիր Աբդոլահիանն ասել է. «Իրանը Կովկասում խնդիրների լուծումը տեսնում է 3+3 ձևաչափի և (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան և Իրան, Ռուսաստան, Թուրքիա) տարածաշրջանային այլ մեխանիզմների շրջանակում։

Իրանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ Թեհրանը միշտ կշարունակի ջանքերն Ադրբեջանի  և Հայաստանի միջև խնդրի լուծման ուղղությամբ:

Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ իր գործընկերոջ հետ անմիջական և շարունակական շփումը  վկայում է Թեհրանի և Բաքվի միջև հարաբերությունների խորության մասին, հավելելով. «Մենք գնահատում և հարգում ենք այս հարաբերությունները»:

Ամիր Աբդոլահիանը Բայրամովին է ներկայացրել նաև Հայաստան կատարած իր այցի արդյունքներն, իսկ Ադրբեջանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Իրանի ջանքերը՝ տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը նպաստելու ուղղությամբ:

Բայրամովը դեմ է արտահայտվել տարածաշրջանում օտար ուժերի տեղակայմանը և ընդգծել տարածաշրջանային համագործակցությունը շարունակելու անհրաժեշտությունն, այդ թվում՝ 3+3 ձևաչափի շրջանակում՝ տարածաշրջանում կայունությանը և անվտանգությանը նպաստելու համար։