Ի՞նչ մեսիջ հղեց Պուտինը հայ ժողովրդին․ ինչպե՞ս կանխել Հայաստանի սիրիացումը (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանն է:

«Վլադիմիր Պուտինը կարևոր հայտարարություն արեց, ինչն իմ վրա երկակի տպավորություն թողեց։ Առաջինը, նա ասաց, որ  խոսքը պատկանում է հայ ժողովրդին, և դիվանագիտորեն ձևակերպեց հարցը, առ այն, որ ՀՀ իշխանությունն ու հայ ժողովուրդը պետք է որոշեն։ Մենք  լավ հասկանում ենք, որ  Հայաստանի  իշխանությունը չի ներկայացնում  հայ ժողովրդի շահերը։ Դա մեզանից ոչ պակաս լավ գիտի Պուտինը, և ես նրա խոսքում հստակ ակնարկ եմ տեսնում, այն է՝ հայ ժողովուրդ, ձեր ապագան ձեր ձեռքում է, տե՛ր կանգնեք ձեր ապագային»,-այս մասին այսօր ասել է Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը՝ «Մենք» հաղորդման ուղիղ եթերում։

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վալդայ» ակումբի ժողովի ժամանակ ասել էր․ «Մենք չենք պատրաստվում ոչինչ պարտադրել, թելադրել Հայաստանին։ Եթե հայ ժողովուրդն ու այսօրվա ղեկավարությունը որոշեն, որ պետք է ընտրեն կոնկրետ տարբերակ, ինչքան գիտեմ՝ վաշինգտոնյանը, ինչը նախատեսում է Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումը, ապա խնդրեմ, մենք դրան աջակցում ենք»:

Շարունակելով իր միտքը, Աշոտ Գրիգորյանը, մասնավորաբար, ասաց.

  • «Հայաստանի, այսպես կոչված վարչապետը, առերևույթ ամեն ինչը ներկայացնում է ՌԴ-ին ու սպասում ՌԴ ղեկավարության որոշմանը։ Ի՞նչ նպատակով է դա արվում, որպեսզի ցանկացած պարագայում գցի ՌԴ-ի վրա ու ասի՝ ինչպես մեկ դար առաջ, այնպես էլ այսօր ռուսները մեզ դավաճանեցին։ Չնայած ռուսները մեզ չեն դավաճանել, ու այսօր էլ կանգնելու են մեր մեջքին։ Ես դա վստահաբար ասում եմ, որպես ռուսական ղեկավարության հետ կապեր ունեցող անձնավորություն»։
  • «Արևմտյան ծրագրերը՝ (խաղաղության պայմանագիր-խմբ ) իրարից մի փոքր տարբերվում են, Բրյուսելը պահանջում է հենց հիմա ստորագրել փաստաթուղթը, իսկ ԱՄՆ-ը՝ հենց հիմա ստորագրելու կողմ չէ, քանի որ ունի նպատակ՝ մեկ տարում փոխել Թուրքիայի ղեկավար էրդողանին և նշանակել  նոր նախագահ ու ՀՀ խնդիրները լուծել հոգուտ մեր թշնամիների։ Արևմտյան տարբերակներում  նախատեսվում է Արցախը նվիրել մեր թշնամի երկրին։ Այս ծրագիրը ոչ միայն հակահայկական է, այլև՝ հակառուսական։ Երբեմն կես լուրջ-կես կատակ  ես ասում եմ՝ Հայաստանը Ռուսաստանին  շատ ավելի է պետք, քան հայերին»։
  • «Նիկոլը, փոխարենը գնա երկիրը փրկելու ճանապարհով, նա ընտրել է մի խաղ, որի նպատակն է իր անձի փրկությունը, ինչը գտնվում է մեկ այլ տեղում։ Եթե այսօր հանուն ՀՀ ապագայի Փաշինյանը հրաժարական տա, ապա դա մեզ կտա հնարավորություն ներկայացնելու մե՛ր ծրագիրը, ինչը կհամընկնի ռուսական ծրագրին։ Բայց  Փաշինյանը   համոզված չէ, որ կարող է իր ընտանիքի հետ վայելել գողացված գումարները հեռավոր երկրում, որտեղ  պատրաստել են իր ապահովությունը, քանի որ նրան խանգարում է ռուսական,  առավելևս, հայկական ծրագիրը»։
  • «Խաղը շատ պարզ է, նիկոլը որքան հնարավոր է՝ պետք է խառնի ամեն ինչ, երկարաձգի հարցի լուծումը, մինչև հասցնի  փախչել երկրից ու  պաշտպանություն ստանալ Արևմուտքում։  Չնայած դա էլ շատ կասկածելի է։ Հետևաբար, նրան մնում է վարպետորեն  իրականացնել այն,  ինչը մեզ համար կործանարար է։ Եթե Նիլոլը  գնաց Սոչի,  ապա փորձելու է խուսանավել ու այնպիսի առաջարկներ անել, որ  անորոշությունը լինի ավելին»։
  • «Պուտինը հստակ ասաց՝ պատերազմ տեղի չէր ունենա, եթե այս պարոնը հեռու չլիներ դիվանագիտական հմտություններից ու չիրականացներ այն քաղաքականությունը, ինչն իրականացրեց 2018-ի մայիսին՝ստանալով վարչապետի պաշտոնը։ Հիշենք, նրա մերժողական հայտարարությունները Արցախի հարցում, երբ ասաց՝ Արցախը Հայաստան է ու վերջ ու 2020թ․ հանգեցրեց պատերազմի։ Պատերազմից առաջ բոլորը գիտեին, որ պատերազմ է լինելու, Նիկոլը չգիտե՞ր․․․ Կատարվեց մյուս սարսափելի քայլը՝ չդիմեց Ռուսաստանին։ 2020-ի հոկտեմբերի 5-ին ես ելույթ ունեցա, ասացի՝ պահանջում ենք անհապաղ դիմել ՌԴ-ին, սակայն եղավ «ձայն բարբառոյ յանապատի»։
  • «Բազմիցս ասել ենք, որ Ալիևը 5 մլրդ էր առաջարկել Նիկոլին Արցախի դիմաց։ Ես այդ մասին լսել եմ Եվրոպական տնտեսական ֆորումում ադրբեջանցի ներկայացուցչից, գուցե այդ 5 միլիարդի փայլը Նիկոլին շշմեցրե՞ց, և մենք կորցրինք Արցախի 75 տոկոսը»։
  • «Ռուսաստանն այս իրավիճակում իր լուծումը պատրաստել է ու չի թողնելու, որ այս ապիկարը Նիկոլը  իր խաղերով հասնի իր երազանքին»։
  • «Պուտինի ելույթում կար ակնարկ, որ Արցախը կարող է լինել անկախ։ 2020 թ․ սեպտեմբերի 28-ին Նիկոլը պետք  է Արցախը հայտարարեր ոչ միայն անկախ, այլև հենց հայտարարեր Հայաստանի տարածք, և դա ձևակերպեր իրավաբանորեն։ Ինչը արեց Պուտինը Դոնեցկի, Լուգանսկի պարագայում, դա հայրենասեր ղեկավարի քայլ էր, ինչը չարեց Նիկոլը։ Եվ ժամանակը կգա ու Փաշինյանը դրա պատասխանը կտա։ Երեկ էլ Պուտինը ակնարկեց ՝ ընդունեք Արցախի անկախությունը՝ ձեր թիկունքին կանգնած ենք մենք․․․։ Ռուսաստանը երբեև թույլ չի տա, որ Արցախը մտնի Ադրբեջանի կազմի մեջ, թույլ չի տա, որ 102 ռազմաբազան փոխարինվի ՆԱՏՕ-ական ռազմաբազայով։ Դա թույլ չի տա նաև Իրանը»։
  • «Ի՞նչ պետք է այսօր անի հայ ժողովուրդը․ նա պետք է ոտքի կանգնի։ Կոչ եմ անում դուրս գալ հրապարակներ, և 24-ժամյա ցույցեր իրականացնել։ Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայությանը՝ ողողել տարբեր երկրների հրապարակներ, ու հայտարարել՝ Արցախը Հայաստան է ու վե՛րջ։ Այս նախադասության կիրառման ժամանակն է այսօր։ Պահելով Արցախը, մենք պահում ենք մեր պետականությունը չկորցնելու վերջին հույսը»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։