Պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան․ Բակո Սահակյան (տեսանյութ)

«Լազարյան ակումբի» ոչ մի հանդիպում առանց ԼՂ թեմայի քննարկման չի անցել։ Այս մասին Երևանում ընթացող «Լազարյան ակումբի» նիստում հայտարարեց ԼՂՀ նախկին նախագահ Բակո Սահակյանը։

«Ղարաբաղը միշտ խաղացել է, խաղում է և կշարունակի խաղալ Անդրկովկասի, հայ ժողովրդի և պետականության պատմության և աշխարհաքաղաքականության առանցքային դերերից մեկը։ Դժվար է գերագնահատել Ղարաբաղի դերը տարածաշրջանում ռազմական-ռազմավարական հավասարակշռության ապահովման, անվտանգ և կանխատեսելի աշխարհաքաղաքական կոնֆիգուրացիայի ձևավորման գործում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության համար։ Հարգելի՛ բարեկամներ, այսօր մենք պատմության մեջ բեկումնային փուլ ենք վերապրում։ Մեր երկրներն ու ժողովուրդները բախվում են անվտանգության խորը սպառնալիքների։ Մենք կանգնած ենք լուրջ ընտրության առաջ՝ կամ հաշվի առնել արագ փոփոխվող աշխարհակարգը, էական շտկումներ մտցնել մեր գործունեության մեջ, կամ չնկատել ընթացող փոփոխությունները։ Սա վտանգավոր հետևանքներ կունենա»,-ասաց Սահակյանը։

Նա մատնանշեց նաև «սիրախաղի» քաղաքականության վտանգը՝ կոչ անելով վերացնել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան։

Բակո Սահակյանի խոսքով՝ տարածաշրջանում ծագել են ուժեր, որոնք մտադիր են փոխելԿովկասի քաղաքական լանդշաֆտը, դուրս մղել Ռուսաստանին և կազմաքանդել հայկական պետականությունը։ Հաջողության հասնելու հիմնական բաղադրիչը նրանց համար Լեռնային Ղարաբաղի կործանումն է։

«Սա չի կարելի թույլ տալ, և քանի դեռ կա հնարավորություն, անհրաժեշտ է համատեղ ջանքերով համապատասխան քայլեր ձեռնարկել։ Պետք է բացառել սխալներն ու սխալ հաշվարկները, որոնք անդառնալի հետևանքներ կունենան»,-համոզված է Սահակյանը։

Մանրամասները՝ տեսանյութում