Իլոն Մասկը դարձել է «Թվիթերի» ղեկավարը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը դարձել է «Թվիթերի» (Twitter)  ղեկավարը, հայտնում է «CNBC»-ն։

««Թվիթերի» գործադիր տնօրեն Պարագ Ագրավալը և ֆինանսական տնօրեն Նեդ Սիգալը լքել են Սան Ֆրանցիսկոյում ընկերության գլխամասային գրասենյակը և չեն վերադառնա»,- նշում է հեռուստաընկերությունը։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ սոցցանցի ղեկավարությունը ստանձնել է նոր սեփականատերը։

«Թվիթերն» այս տարվա ապրիլի 25-ին ընդունել էր Մասկի 44 միլիարդ դոլարի առաջարկը։ Սակայն մայիսի կեսերին գործարարն ասել էր, որ գործարքում այլևս տեղաշարժ չի լինի, քանի դեռ «Թվիթերը» չի պարզաբանել սոցիալական ցանցում կեղծ հաշիվների համամասնության հետ կապված իրավիճակը։

Արդեն հունիսին Մասկը սպառնացել էր խզել գործարքը այն պատճառով, որ ընկերությունը հրաժարվում է իրեն տրամադրել պահանջված տվյալները։ Այնուհետ «Թվիթերի» ներկայացուցիչը հայտնել է, որ ընկերությունը շարունակում է տեղեկություններ փոխանցել Մասկին՝ գործարքը համաձայնագրի պայմաններին համապատասխան փակելու համար։

Երբ Մասկն ասել էր, որ չեղարկում է գործարքը, «Թվիթերը» դատի տվեց միլիարդատիրոջը՝ պնդելով, որ Մասկը «հրաժարվում է կատարել իր պարտավորությունները «Թվիթերի» և նրա բաժնետերերի հանդեպ, քանի որ ստորագրած գործարքն այլևս չի ծառայում իր շահերին»։

Մասկը մինչև ուրբաթ պետք է ավարտեր «Թվիթերի» ձեռքբերման գործարքը կամ ընկերության հետ դատական վեճերի մեջ լիներ։