ԱՄՆ-ի արձագանքը հաստատում է «միջուկային կեղտոտ ռումբի» վերաբերյալ Ռուսաստանի մտավախությունները

Ըստ ՌԴ արտգործնախարարության, ԱՄՆ-ի արձագանքը հաստատում է «միջուկային կեղտոտ ռումբի» վերաբերյալ Ռուսաստանի մտավախությունները: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում ԱՄՆ ներկայացուցչի խոսքերը հաստատեցին Ռուսաստանի մտավախությունները, որ «կեղտոտ ռումբով» Կիևի սադրանքից հետո Մոսկվային կմեղադրեն մարտավարական միջուկային զենք կիրառելու մեջ. այս մասին հայտարարել է ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Վորոնցովը։

«ԱՄՆ պատվիրակությունը միայն հաստատեց մեր նախազգուշացումը, որ կխաղարկվի մի սցենար, երբ Կիևի վարչակարգի սադրանքից հետո, որի մասին մենք ամենավստահելի տեղեկություններն ունենք, հենց Ռուսաստանը կմեղադրվի զանգվածային ոչնչացման զենք կիրառելու մեջ»,- ասել է դիվանագետը (մեջբերումը` «ՌԻԱ Նովոստի»-ի):

Վորոնցովի խոսքով` Կիևը և արևմտյան երկրներն ակնկալում են, որ Ռուսաստանին զանգվածային ոչնչացման զենք կիրառման մեջ մեղադրելուց հետո «հակառուսական արշավ կսկսվի՝ Մոսկվայի նկատմամբ վստահությունը խաթարելու և նրան միջազգային ասպարեզում մեկուսացնելու համար» (դիվանագետը, սակայն, ինչպես քիչ հետո կներկայացնենք, Կիևի ու նրա ետևում կանգնած Արևմուտքի ծրագրի ամբողջ նպատակը չի բացահայտել…):

«Բայց այդ ծրագրերը չեն աշխատի»,- վստահեցրել է ռուսական պատվիրակության ղեկավարի տեղակալը և ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն զգուշացրել է համաշխարհային հանրությանը, բացի այդ, և՛ Ուկրաինայից, և՛ Արևմուտքից պահանջել է դադարեցնել «միջուկային նավակը ճոճելը»։

Վորոնցովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին կոմիտեի նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից և նրա արևմտյան կուրատորներից պահանջում է դադարեցնել կատարումը քայլերի, որոնք աշխարհը տանում են դեպի միջուկային աղետ: Հիշյալ կոմիտեի նիստում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Բրյուս Թերները «կեղտոտ ռումբով» սադրանքի մասին Ռուսաստանի պնդումներն անվանել է «ապատեղեկատվության ևս մեկ դեպք»։ Նրա խոսքով՝ Մոսկվան պատրվակ է ստեղծում մարտավարական միջուկային զենքի կիրառման համար։

Ավելին. Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը հոկտեմբերի 24-ին ասել էր, որ հեռախոսով խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ և քննարկել «Ռուսաստանի կեղծ մեղադրանքներն Ուկրաինային` «կեղտոտ ռումբի»‰ կիրառմանը նախապատրաստվելու հարցում։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն, իր հերթին, Պենտագոնի մոտեցումն անվանել է անլուրջ և անթույլատրելի առկա վտանգի լրջության ֆոնին, իսկ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին ուղղված նամակում զգուշացրել է, որ եթե Ուկրաինան օգտագործի «կեղտոտ ռումբ», Ռուսաստանը դա կդիտարկի որպես «միջուկային ահաբեկչություն»։ ՌԴ-ն ավելի վաղ խնդրել էր հոկտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկում «կեղտոտ ռումբի» կիրառմամբ Կիևի կողմից նախապատրաստվող սադրանքի վերաբերյալ։

«Մեր պաշտպանության նախարարությունը նաև տեղեկություն է ստացել, որ այս սադրանքը կարող է իրականացվել արևմտյան երկրների աջակցությամբ»,- նշված է Նեբենզյայի հիշյալ նամակում։

Ռուսաստանը, ինչպես հետևում է նամակից, կոչ է անում արևմտյան երկրներին ազդել Կիևի ռեժիմի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի «կեղտոտ ռումբի» կիրառմամբ սադրանքի իր ծրագրերից։ Ինչպես նշվել է, նման ծրագրերը կունենան սարսափելի հետևանքներ և կհանգեցնեն բնակչության զանգվածային կորուստների։ Մոսկվան հիշյալ նամակով «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին կոչ է անում անել ամեն ինչ՝ կանխելու այս հրեշավոր հանցագործության իրականացումը»։

«Կեղտոտ ռումբի» պայթյունն առաջին հերթին վնաս է պատճառում ռադիոակտիվ նյութերի ցրման պատճառով։ «Կեղտոտ ռումբը» ռադիոակտիվ իզոտոպներով և սովորական պայթուցիկ լիցքով ռումբ է (կարող է լինել նաև ռադիոակտիվ նյութեր ու սովորական պայթուցիկ լիցք պարունակող մարտագլխիկ)։ Պայթյունի ժամանակ ռադիոակտիվ նյութը տարածվում է հարվածային ալիքով՝ աղտոտելով մեծ տարածքներ։

ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկացմամբ, եթե Ուկրաինան պայթեցնի «կեղտոտ ռումբ», իզոտոպները մթնոլորտում կտարածվեն մինչև 1500 կիլոմետր հեռավորության վրա և կարող են ծածկել Լեհաստանը։ Ինչպես պարզաբանել է «Росэнергоатом»-ը, նման զենքի կիրառումից հետո աղտոտված տարածքները չեն կարող օգտագործվել առնվազն 30 տարի։

«Կեղտոտ ռումբի» պայթեցման Կիևի ու նրա ետևում կանգնած ԱՄՆ-ի, Արևմուտքի նպատակը, սակայն, միայն այն չի լինելու, ինչ ներկայացրել է Կոնստանտին Վորոնցովը, այսինքն` Մոսկվայի նկատմամբ վստահության խաթարում ու միջազգային ասպարեզում ՌԴ-ի մեկուսացում:

Եթե Ուկրաինայի տարածքում, ի վերջո, պայթեցվի «կեղտոտ ռումբ», ապա նշված գործողությունը, բացի վերը նշվածից, նպատակ է ունենալու զանգվածային բնաջնջման այդ զինատեսակի կիրառումը պատրվակ ծառայեցնել կա՛մ հակամարտության մեջ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի զինված ուժերի արդեն պաշտոնական, բացահայտ և առավել մեծածավալ ընդգրկման, կա՛մ Ռուսաստանի դեմ կիրառելու նպատակով, Ուկրաինային մարտավարական միջուկային զենք կամ դրա բաղադրատարրեր ու պատրաստման տեխնոլոգիա փոխանցելու (Ուկրաինայի պարագայում` ստանալու), կա՛մ էլ, առնվազն, Ուկրաինային ավելի հեռահար և ավերիչ սպառազինություն տրամադրելու (Ուկրաինայի պարագայում` ստանալու) համար:

Ռուսաստանը լրջորեն անհանգստացած է Կիևի կողմից «կեղտոտ ռումբի» նախատեսվող կիրառման վերաբերյալ տեղեկություններով: Այդ մասին է վկայում նաև այն, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն «կեղտոտ ռումբի» կիրառմամբ նախատեսվող սադրանքի մասին ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Թուրքիայի պաշտպանության նախարարների հետ հեռախոսազրույցներից հետո զանգահարել և վերոնշյալի առնչությամբ քննարկումներ է ունեցել նաև Չինաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարների հետ, նրանց փոխանցել Կիևի կողմից «կեղտոտ ռումբի»‰ օգտագործմամբ հնարավոր սադրանքի վերաբերյալ ՌԴ անհանգստությունը:

Ավելին. նույնիսկ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի պաշտպանության նախարարներին Կիևի կողմից նախապատրաստվող սադրանքի մասին Շոյգուի հեռախոսազանգերի կապակցությամբ նշված պետությունների արտգործնախարարների համատեղ հայտարարությունից հետո, որով նրանք ՌԴ պաշտպանության նախարարի ասածները ժխտել և ակնհայտ կեղծ պնդումներ են համարել` դրանց, ըստ էության, վերագրելով Ուկրաինայում հակամարտության էսկալացիայի պատրվակ, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ- ՌԴ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, բանակի գեներալ Վալերի Գերասիմովը հոկտեմբերի 24-ին զանգահարել ու հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի պաշտպանության շտաբի պետ, ծովակալ Էնթոնի Ռեյդեյկինի հետ:

ՌԴ ՊՆ մամուլի ծառայության տեղեկացմամբ, մասնավորապես, քննարկվել է Ուկրաինայի կողմից «կեղտոտ ռումբի» կիրառման սպառնալիքը:

 

Արթուր Հովհաննիսյան