Հոկտեմբերի 27-ի ահաբեկչություն․ անցել է 23 տարի

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչական գործողություն, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի Հայաստանի Ազգային ժողովի վրա կատարված հարձակումը, որը տեղի ունեցավ հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Ահաբեկչական խմբի գործողությունների հետևանքով զոհվեցին ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվեց, իսկ 91-ը՝ գերեվարվեց։

Ահաբեկչական գործողությանը զոհ դարձան՝

Կարեն Դեմիրճյան՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահ

Վազգեն Սարգսյան՝ ՀՀ վարչապետ

Յուրի Բախշյան՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ

Ռուբեն Միրոյան՝ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ

Լեոնարդ Պետրոսյան՝ ՀՀ օպերատիվ հարցերով նախարար

Արմենակ Արմենակյան՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Հենրիկ Աբրահամյան՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր

Միքայել Քոթանյան՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 անձանց, հիմնականում ԱԺ պատգամավորների։ Պատանդի կարգավիճակում էին հայտնվել նաև նիստը լուսաբանող լրագրողները, սակայն նրանց, ինչպես նաև վիրավորներին որոշ ժամանակ անց դուրս էին թողել։

Ահաբեկչության կազմակերպման և իրականացման մեջ մեղադրվողների դատավարությունը տևեց մի քանի տարի․ դատավճիռը հրապարակվեց 2003 թվականի դեկտեմբերի 2-ին Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանի կողմից։  Դատարանը խումբը ղեկավարած Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին դատապարտեց ցմահ ազատազրկման, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ահաբեկչության իրական պատվիրատուներն ու շահառուներն առայսօր մնացել են չբացահայտված և անպատիժ։