Ինչո՞վ է պայմանավորված վերջին շրջանում իշխանության կողմից ՀՀ ինքնիշխանության մասին շեշտադրումը (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն է իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանը։

«Շատ հին ասացվածք կա, սովորաբար ասում են, որ գողն առաջինն է գոռում, թե գողին բռնեցեք։ Ինչ վտանգներ կա․ առհասարակ Նիկոլ Փաշինյանի և նրա ձևավորած թիմի յուրաքանչյուր օրը, յուրաքանչյուր ժամը, վայրկյանն արդեն իսկ վտանգ է, որովհետև այս չորս և ավելի տարիների ընթացքում իրենցից միայն վնաս ենք տեսել․․․ ինչ վերաբերում է ինքնիշխանությանը, բնականաբար, նախագիծը քննարկելով, հետագայում ընդունելով՝ իրենք ոչ թե փորձում են կարևորել ինքնիշխանությունը, ինքնիշխանության համար ինչ-որ ամուր հիմքեր ստեղծել, այլ ընդամենը հերթական գործիքն  է լինելու, որովհետև նույն Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հաստատ չէին ընդունի էնպիսի օրինագիծ, որով իրենք կդատվեին, իսկ եթե այսօր խնդիր գնա Հայաստանի ինքնիշխանության համար որևէ մեկին պատժելու, առաջին հերթին պետք է պատժել հենց իրենց», – հաղորդման շրջանակներում նման տեսակետ հայտնեց բանախոսը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկմանը ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է  Հայաստանի Քրեական օրենսգրքի 421 հոդվածում (Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունները) լրացումներ կատարել և Հայաստանի ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողություն կատարողին ազատազրկել 12-15 տարի ժամկետով: «Օրենսդրական այդ փոփոխությունները լինելու են էն մուրճը, որով փաշինյանական ռեժիմը փորձելու է ընդդիմադիրներին հնարավորինս ճնշել»,-ասաց պարոն Պողոսյանը՝ հավելելով, որ եթե վաղը որոշեն, որ 102-րդ ռազմաբազան պետք է հեռացնեն, և բնականաբար մարդիկ պետք է ընդդիմանան այդ որոշմանը և փողոցային պայքարի դուրս գան, և Փաշինյանը իրեն հատուկ մանիպուլյացիայով պետք է ասի, որ ես գնում եմ խաղաղության, ձգտում եմ մինչև տարվա վերջ կնքել խաղաղության պայմանագիր, որից հետո այլևս ռուսական զորքերի գտնվելը Հայաստանում մեզ համար ինքնիշխանության վտանգ է, և պատահական չէր երեկ Ազգային ժողովի խայտառակ որոշումը ՌԴ  պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնտանիտին Զատուլինի մուտքն արգելելը․ «Էստեղ խնդիրը Զատուլինը չէր, էստեղ խնդիրն առաջին հերթին էն մեսիջն էր, որը Հայաստանի իշխանությունը տվեց Ռուսաստանին և աշխարհին»։

Բանախոսի խոսքով՝ այս ամենը տեղավորվում է այն տրամաբանության մեջ, ինչ այս իշխանություններն իրականացնում են 2018-ից ի վեր։ Գաղտնիք չէ, որ իշխանության գալուց հետո հնարավորինս փորձեցին հակառուսական տրամադրություններ ստեղծել, և ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու գինը իր արտաքին և ներքին գործընկերների առջև առաջին հերթին լինելու է հայ հասարակությունը սևերի և սպիտակների բաժանելը, Հայ առաքելական եկեղեցուն հարվածելը, ինչը շատ լավ իրականացրին, և այստեղ կարևոր էին այն 5 կետերը, որոնք Բոլթոնը Հայաստան գալով՝ ներկայացրել էր իրեն և այդ կետերից 2-ը ռուսական 102-րդ ռազմաբազայի հեռացումն էր և առհասարակ հայ-ռուսական հարաբերությունների վատացումը և Իրանի հետ ցամաքային սահմանի փակումը։ «Այսօր Փաշինյանն աշխարհին ցույց է տալիս, որ մենք գնում ենք ամբողջությամբ թուրքական աշխարհ, որովհետև էնտեղ մեզ խոստացել են, որ հնարավորինս մեզ բամբակով կմորթեն»,- հավելեց բանախոսը։

Խոսելով խաղաղության օրակարգից, Կարապետ Պողոոսյանն ընդգծեց, որ Նիկոլ Փաշինյանը քաջ գիտակցում է, որ դա անհնար է և պարզապես փորձում է իր անձնական անվտանգությունն ապահովել, քանզի գիտակցում է, որ վաղ թե ուշ իր պատիժը լինելու է շատ ծանր, այդ իսկ պատճառով փորձում է հային ոչնչացնել, և այս պարագայում օրենսդրությամբ և սահմանադրորեն պայքարել արդյունավետ չէ։

Կարապետ Պողոսյանը նաև ընդգծեց, որ որևէ մեկն այսօր չի կարող է ասել, թե ինչքան է Հայաստանի Հանրապետության տարածքը, և այսօր նույնիսկ չունենք այն տեսլականը, թե ուր ենք գնում։

Անդրադառնալով խաղաղության պայմանագրի 2՝ ռուսական և ամերիկյան տարբերակներին, որտեղ ըստ ամերիկյան տարբերակի՝ Արցախը ադրբեջանի կազմում է, Կարապետ Պողոսյանն ընդգծեց, որ Արցախը մեր անվտանգության երաշխավորն է, մեր բոլորի արմատներն են գալիս, և մինչ 2018-ը Սերժ Սարգսյանը կարողանում էր պահել Արցախը, դրա վառ ապացույց 2016 թ․ ապրիլյան պատերազմը, կարողանում էր ապահովել մեր արտաքին քաղաքականությունն այնպես, որ թե Ռուսաստանը և թե Արևմուտքը հաշվի էին նստում մեր ցանկությունների հետ, իսկ այսօր պատկերը բոլորովին այլ է։

Մանրամասները՝ տեսանյութում