Ես հաստատել եմ իմ մասնակցությունը հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանը․ Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որն հաստատել է իր մասնակցությունը հոկտեմբերի 31-ին Սոչիում նախատեսված եռակողմ հանդիպմանը։

«Ռուսաստանի նախագահի կողմից առկա է հրավեր հոկտեմբերի 31-ին Սոչիում անցկացնել եռակողմ հանդիպում։ Ես հաստատել եմ իմ մասնակցությունը։ Անկեղծ ասած, տեղեկություն չունեմ ադրբեջանական կողմը հաստատել է մասնակցությունը, թե ոչ»,- ասաց Փաշինյանը։

Նա նշեց, որ վերջին անգամ այդ ֆորմատով եռակողմ հանդիպում տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին։
«Ավելի հետ կարող եմ գնալ ու հասնել մինչև 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարություն։ Կարծում եմ՝ շատ կուտակված հարցեր կան, որոնց վերաբերյալ որոշակի մտքերի փոխանակում, պարզաբանումներ, հարցադրումներ պետք է հնչեն, և այդ հարցերի օրակարգը ձեզ հայտնի է՝ սկսած ԼՂ-ում կայունության և անվտանգության ապահովման գործից։ Տեղյակ եք, որ այս տարվա մարտին ադրբեջանական ԶՈՒ-ն ներխուժել էր ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտի և չեմ թաքցրել, որ մեզ համար այդքան էլ հասկանալի չէր խաղաղապահների կողմից արձագանքի բացակայությունը և, ըստ էության, ինչ միջոցներ են ձեռնարկվել այդ գործառույթներն իրականացնելու համար։ Ի հեճուկս եռակողմ աշխատանքային խմբում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչ որ միջանցքների մասին հայտարարություններ են տեղի ունենում, ընդ որում ոչ միայն ադրբեջանական կողմից, ՌԴ-ում էլ ինչ-որ անհասկանալի մարդիկ կան, փորձում են այդ նարատիվը զարգացնել ի հեճուկս ՌԴ նախագահի կողմից արված հայտարարությունների, ստորագրած փաստաթղթերի, ի հեճուկս ՌԴ ԱԳՆ-ի, փոխվարչապետի կողմից արված հայտարարությունների։ Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ, կարծում եմ, շատ էական և ակտիվ քննարկում պետք է տեղի ունենա»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ մի խոստովանություն է ուզում անել կապված նախորդ տարվա նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարության հետ. «Այդ հայտարարության մեջ գրվում է, որ կողմերը պայմանավորվեցին միջոցներ ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ, գործը հասցնել սահմանագծման հանձնաժողովի աշխատանքների մեկնարկին։ Այն ժամանակ մենք այդ հայտարարության տեքստի վրա հիմնվելով՝ ասում էինք, նախ պետք է անվտանգության միջոցառումները, մեխանիզմները ստեղծել, հետո միայն խոսել դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի մասին։ Այն ժամանակ մեր մի շարք գործընկերներ, այդ թվում ՌԴ գործընկերները, ասում էին, որ դելիմիտացիայի հանձնաժողովի գործունեությունն ինքնին անվտանգության մեխանիզմ կլինեն։ Այդ ժամանակ չէինք կիսում այդ տեսակետը, բայց նաև որոշեցինք ճկունություն ցուցաբերել գործընթացը փակուղի չմտցնելու համար և գնալ այդ քայլին։

Դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումից հետո տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի ագրեսիան։ Ինձ համար անհասկանալի են այն գործընկերները, որոնք այն ժամանակ ասում էին դելիմիտացիայի հանձնաժողովի ձևավորումը նաև անվտանգության մեխանիզմ է, սեպտեմբերի 13-ի ագրեսիայի նկատմամբ մինչև օրս հստակ քաղաքական դիրքորոշում չեն հայտնել։ Սրանք հարցեր ենք, որոնք, իհարկե, պատրասվում եմ քննարկել, այդ թվում ՌԴ նախագահի հետ երկկողմ հանդիպման ֆորմատով»։