Շատ քիչ է մնացել, որ մենք որոշում կայացնենք. Ալեն Սիմոնյանը՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին

Հայաստանը սպասում է ՀԱՊԿ-ի արձագանքին և արձագանքն առնվազն այս փուլում պետք է լինի քաղաքական: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս կգա՞, եթե ՀԱՊԿ-ը այդպես էլ հստակ դիրքորոշում չարտահայտի Ադրբեջանի ագրեսիայի վերաբերյալ:

«Հետագայում, եթե պարզ դառնա, որ, այնուամենայնիվ, ՀԱՊԿ-ը որոշել է դուրս գալ տարածաշրջանից, կարող ենք ուղղակի կանգնել փաստի առաջ, որ ՀԱՊԿ-ը դուրս է եկել։ Բայց Հայաստանի իշխանություններում այսօր նման հարց չի քննարկվում, մենք կրկնում ենք՝ սպասում ենք գործողությունների, սպասում ենք արձագանքի»,- ասաց նա։

Հարցին՝ ինչքա՞ն եք սպասելու, Սիմոնյանը պատասխանեց. «Ինձ թվում է, որ այս իրավիճակն արդեն ի ցույց է դնում, որ ժամանակը շատ քիչ է մնացել, որ մենք որոշում կայացնենք, քանի որ Հայաստանի ամենանեղ տարածքը 30 կմ-ի չափ է։ Մենք մեզ շատ բան չենք կարող թույլ տալ»։