Արցախում Սահմանադրական փոփոխությունների ավելի ճկուն մեխանիզմներ կներդրվեն

Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա՝ հոկտեմբերի 26-ի հերթական նիստում քննարկվել է Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը:

Արցախի ԱԺ-ից հայտնում են, որ ԱՀ նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի կառավարչության պետ Ա. Լազարյանի ներկայացմամբ՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագծով առաջարկվում է ամրագրել սահմանադրաիրավական փոփոխությունների իրականացման առավել ճկուն գործիքակազմ՝ այդ կերպ կանխելով սահմանադրական հնարավոր ճգնաժամերը՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական զարգացումները, Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ներկայիս իրավիճակը, ներքին և արտաքին սպառնալիքները: Սահմանադրաիրավական փոփոխությունների ճկունությունն ապահովելու նպատակով առաջարկվում է վերանայել Սահմանադրության փոփոխման եղանակներին առնչվող իրավակարգավորումները՝ անփոփոխ թողնելով գործող Սահմանադրության 163-րդ հոդվածը, համաձայն որի Սահմանադրության 1-4-րդ և 163-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն:

Արդյունքում առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրությունը և Սահմանադրության 175-րդ հոդվածում. Արցախի Հանրապետության իրավազորության սահմանները. փոփոխություններն ընդունվում են միայն հանրաքվեով՝ անփոփոխ թողնելով Սահմանադրություն ընդունելու, փոփոխելու նախաձեռնության իրավունք ունեցողների շրջանակը:

Նախագծով, միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Սահմանադրության մյուս հոդվածներում փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, Հանրապետության նախագահի կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների առնվազն հինգ տոկոսի նախաձեռնությամբ՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով ընդունված որոշմամբ:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի հավանությանը, և 1-ին ընթերցմամբ այն կընդգրկվի ԱԺ հերթական նիստի օրակարգում: