Եվրոպան ներկայանում է որպես փրկիչ, ու հայ ժողովուրդը նորից կուտը կուլ է տալիս (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրը բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանն է։

«Արևմուտքն ունի ծրագիր՝ ճնշում գործադրել և թուլացնել Ռուսաստանը, քանի որ շատ ավելի կարևոր խնդիր ունեն լուծելու, դա Չինաստանն է։ Իրենց պատկերացմամբ, թուլացած Ռուսաստանն այլևս Չինաստանի համար կշիռ չի ունենա։ Արևմուտքը նաև նպատակ է դրել Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից։ Կա մեկ այլ երկրիր ևս, որը մեծ դերակատարում ունի այս ամենում՝ դա Իսրայելն է, ինչի մասին քիչ են խոսում։ Իսրայելին պետք է, որպեսզի տարածաշրջանում ձևավորվի ներքին գոտի և հնարավարություն ունենա ճնշում գործադրել Իրանի վրա»,- ասաց բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը՝ «Մենք» հաղորդմանը տված հարցազրույցում։

«Հայաստանին պարտադրում են կոնկրետ կողմ զբաղեցնել։ Ու թվում է՝ Փաշինյանն ու իր թիմը որոշել են թեքվել Արևմուտք, ու սա ճիշտ պահն է, քանի որ ՌԴ-ը թուլացած է։ Նրան ասել են՝ ՌԴ-ը կարող է պարտվել, ջախջախվել, և դուք կմնաք փլատակների տակ, դրա համար ժամանակն է ճամբարը փոխել։ Բայց դա շատ վտանգավոր ռազմավարություն է Հայաստանի ու Արցախի համար»։

«Եթե Փաշինյանը սխալ քայլ անի՝ թեքվելով դեպի Արևմուտք, իսկ ձմռանը պարզվի, որ Ռուսաստանը չի պարտվել, ապա վերջինս ցավալի քայլեր կկատարի պատժելու Փաշինյանին»։

«Այն թիմը, որը 2018-ին եկավ իշխանության, դեռ 90-ականներին ուներ պատկերացում՝ հանձնել Արցախը։ Երբ առաջին նախագահը ասում էր՝ «Սերգո ջան, լավ չես ապրի, քանի դեռ Արցախի հարցը չի լուծվել», մտածում էր զիջումներ անելու մասին։ Այս իշանություն ևս ասում էր՝ արցախյան առաջին պատերազմի զոհերը իզուր են եղել։ Ուրեմն, իրենք մտածում են, որ Արցախը բեռ է, և այդ բեռից պետք է ազատվել, որպեսզի փրկենք Հայաստանը։ Բայց դա շատ սխալ մտածելակերպ է։ Իրենց ռազմավարությունը հիմնվում է ինչ-որ տեսությունների վրա, որոնք իրենց տվել են, բայց իրենք չեն հասկացել»։

«Որն է հայկական շահը․ Արցախ, հայկական շահ ասելով մենք այլ կերպ ենք հասկանում, Փաշինյանն ու իր թիմը բոլորովին այլ կերպ են հասկանում․․․»։

«Արդյո՞ք Արևմուտքը զոհողության կգնա հանուն Հայաստանի, հանուն այն արժեքների, ինչի մասին խոսում են։ Մենք լսում ենք միայն հայտարարություններ, դա միջոց է Հայաստանին համոզելու և ստանալու այն, ինչ իրենց պետք է։ Բայց ես համոզված չեմ, որ Արևմուտքը պատրաստ է մեր անվտանգության խնդիրը լուծել»։

Անդրադառնալով հարցին, թե իշխանությունը ոգևորված է ԵՄ, ԵԱՀԿ դիտորդների ներկայությամբ, Ա․ Մարտիրոսյանն ասաց․ «Դժբախտաբար Փաշինյանն ու իր թիմը շատ հաջողակ են հայկական հասարակությանը մանիպուլացնելու հարցում։ Դիտորդները եկել են այստեղ, որ ասեն՝ հայ ժողովուրդ, մենք ձեր անվտանգության հարցերը լուծելու ենք։ ԵՄ դիտորդները շատ լավ գիտեն, որ Ադրբեջանը ագրեսիա է իրականացրել, որ խախտվել է մարդու իրավունքները, լավ գիտեն, որ Հայաստանի տարածքը գրավված է։ Եթե ուզում են զսպել Ադրբեջանին, ինչո՞ւ պատժամիջոց չեն կիրառում։ Ինչո՞ւ ժամկետ չեն սահմանում, որպեսզի Ադրբեջանը դուրս բերի զորքերը, հետ վերադարձնի հայ գերիներին։ Սա տեղի չի ունենում, ինչո՞ւ»։

«ՌԴ-ը չի ուզում Թուրքիային թթու խոսք ասել, դրա համար գնդակը տվել է Իրանին»,-նկատում է Մարտիրոսյանը, շեշտելով, որ այն քաղաքականությունը, ինչը վարում է Իրանն այսօր՝ համաձայնեցված է Ռուսաստանի հետ։

«Արևմուտքն իր շահերի համար Հայաստանին օգտագործում է որպես գործիք։ Իրենք ռիսկերը գիտակցում են, բայց այդ ռիսկերն իրենց համար չկան։ Եթե իրենք, իրոք մարդու իրավունքի ջատագով են, ու դա համարում են կարևոր կանոն, ինչո՞ւ այդ կանոնը չի գործում Հայաստանի դեպքում։ Պատասխանը շատ պարզ է, որովհետև շահեր ունեն, և այդ շահերն այնքան կարևոր են, որ իրենք կանեն այն ամենը, ինչ կպահանջի Թուրքիան ու Ադրբեջանը»։

Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք տեսանյութում։