ԱՄՆ-ը հայտարարել է Ղազախստանում բարեփոխումներին աջակցելու մասին

ԱՄՆ վարչակազմը վճռական է զարգացնել հարաբերությունները Ղազախստանի հետ, աջակցում է այնտեղ բարեփոխումների իրականացմանը՝ նրան համարելով կարևոր տնտեսական գործընկեր։ ՏԱՍՍ-ի տեղեկացմամբ,  այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է երկուշաբթի օրը Ղազախստանում Հանրապետության օրվա կապակցությամբ։

«Միացյալ Նահանգները հավատարիմ է Ղազախստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը, և մենք անհամբեր սպասում ենք առաջիկա տարիներին մեր հարաբերությունների հետագա ամրապնդմանը»,-ասել է ԱՄՆ արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավարը և հավելել. «Մենք կշարունակենք համատեղ առաջ մղել մեր ընդհանուր առաջնահերթությունները՝ խաղաղություն, բարգավաճում և կայունություն տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս»։

Բլինկենը հավելել է, որ «ԱՄՆ-ը վճռականորեն աջակցում է Ղազախստանում բարեփոխումների օրակարգին» և «կոչ է անում այն ամբողջությամբ իրականացնել»։ Պետքարտուղարը Ղազախստանն անվանել է «արժեքավոր գործընկեր տնտեսության և առևտրի ոլորտում»: