Հայաստանն աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում․ Զախարովա

Ռուսաստանին չեն կարող չանհանգստացնել Անդրկովկասում թափ հավաքող տագնապալի միտումները, ուր Արևմուտքն ակնհայտորեն փորձում է տեղափոխել հակամարտության` Ուկրաինայում մշակված սխեմաները։

Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` պատասխանելով Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ լրատվամիջոցների հարցերին։

«Մենք տեսնում ենք, թե ինչ աննախադեպ արտաքին ճնշման է ենթարկվում եղբայրական Հայաստանը։ Մեր երկրների ու ժողովուրդների դարավոր կապերին վնաս հասցնելու համար քայլեր են ձեռնարկվում տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը վարկաբեկելու ուղղությամբ։ Բազմաթիվ հիմնադրամներ, հասարակական կազմակերպություններ և լրատվամիջոցներ, որոնք գործում են Վաշինգտոնի և Բրյուսելի թելադրանքով, կրկնապատիկ եռանդով ձգտում են հասարակության մեջ հակառուսական տրամադրություններ սերմանել»,– ասել է նա։

Զախարովան համոզմունք է հայտնել, որ արտաքին ուժերի` Մոսկվայի և Երևանի միջև վիճաբանություն հրահրելու փորձերը հաջողության չեն հասնի։ Նրա խոսքով` ՌԴ–ն վճռական է Հայաստանի հետ ռազմավարական դաշինքը և բազմակողմ համագործակցությունը ամրապնդելու հարցում, ինչը, նրա համոզմամբ, թույլ կտա համատեղ ուժերով հաղթահարել առկա մարտահրավերները։

«Մենք երկխոսություն ենք զարգացնում ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական ուղղություններով։ Առևտուրն աճում է ռեկորդային տեմպերով. լուրջ ծրագրեր են իրականացվում և զարգանում տրանսպորտի և լոգիստիկայի, ենթակառուցվածքների, հանքարդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում։ Ռուսական տասնյակ խոշոր ընկերություններ պատրաստ են շարունակել ներդրումները Հայաստանի տնտեսությունում։ Մենք հաջողությամբ լուծում ենք հանրապետության էներգետիկ և պարենային անվտանգության ամրապնդման խնդիրները»,– ասել է նա։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նկատել է, որ Արևմուտքի մոտեցումը տեսանելի է նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում։ Ըստ նրա` Արևմուտքը հաշվի չի առնում խնդրի ո՛չ տարածաշրջանային առանձնահատկությունը, ո՛չ էլ խիստ զգայունությունը։ Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը, Զախարովայի գնահատմամբ, ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված լուծումների զարգացումն է, այլ ինքնագովազդն ու Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելը։

«Մեր եռակողմ պայմանավորվածությունները յուրացնում ու այլասերում են։ Հաճախակի են դարձել Եվրամիության, ԵԱՀԿ-ի և Ֆրանսիայի քողի տակ արևմտյան էմիսարների այցերը Հայաստան։ Առաջ են մղվում հապճեպ հորինված նախաձեռնություններ, որոնք հաշվի չեն առնում տարածաշրջանի ողջ բնակչության շահերը։ Սա հղի է հավասարակշռության խախտմամբ, որը ձեռք է բերվել դժվարին պայմաններում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների հիման վրա»,– ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, թե միաժամանակ անհիմն մեղադրանքներ են շրջանառվում, որ Մոսկվան չի կատարում Հայաստանի նկատմամբ անվտանգության իր պարտավորությունները։ Ի պատասխան ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցնում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ է դադարեցվել 2020 թվականի պատերազմը և տեղակայվել են խաղաղապահներ, որոնք վճռական դեր են ունեցել Բաքվի ու Երևանի միջև զինված միջադեպերի կարգավորման գործում։

«Արտաքին ուժերի փորձերը՝ հասնելու ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերմանը, հենց ուղղված են Հարավային Կովկասի ապակայունացմանը»,– հայտրարել է նա։

Մարիա Զախարովան արձանագրել է, որ Մոսկվան շարունակում է ամենատարբեր մակարդակներում աշխատել Ադրբեջանի և Հայաստանի հետ` հարաբերությունների համապարփակ կարգավորման, ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման, սահմանազատման, խաղաղության պայմանագրի համաձայնեցման, հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ։

Հիշեցնենք` հոկտեմբերի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան` հերթական եռակողմ հանդիպման, որի ժամանակ նախատեսվում է քննարկել եռակողմ և երկկողմ հարցերի լայն շրջանակ։