Եղվարդի առանձնատներից մեկում հայտնաբերվել է ապօրինի զենք-զինամթերք. կալանավորվածներից մեկն օտարերկրացի է (տեսանյութ)

Տևական օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Նաիրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում հավաստի տվյալներ ստացվեցին, որ Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդ Եղվարդ քաղաքի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկում ապօրինի պահում են զենք-զինամթերք։

Ոստիկանությունից հայտնում են, որ տարածքային քննչական մարմնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Հոկտեմբերի 18-ին իրավապահ մի շարք կառույցների ծառայողներ, դատարանի որոշմամբ, խուզարկեցին Եղվարդի Պարույր Սևակի փողոցի առանձնատներից մեկը։ Հայտնաբերվեցին գործարանային համարով «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, մարտական վիճակի բերված «Pietro Beretta» ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով, «Սայգա» տեսակի հրազեն՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի փամփուշտներով, ինքնաձիգի փամփշտատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով, զրահաբաճկոններ, մարիխուանայի նմանվող զանգված և այլն։

Հենց բնակարանում ձերբակալվեցին ու քննչական մարմնին ներկայացվեցին Երևանում բնակվող 39-ամյա երկու տղամարդն ու նրանց 33-ամյա ընկերը, որն օտարերկրյա քաղաքացի է։

Նրանք կալանավորվել ու տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։