Ինքնիշխանությունից չի կարող խոսել նա, ով թուրքերի ձեռքին ֆուտբոլի գնդակից ավելի ցածր աշխարհաքաղաքական կարգավիճակ ունի

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հայաստանի ինքնիշխանությունը «մատաղ անողներ», դուք ուր, ինքնիշխանությունն ուր։

Նիկոլիզմի ջատագովները երկիրը հանձնելուն զուգահեռ ինքնիշխանության բացարձակության թեզ են շրջանառում։

Անխոս. անկախությունն ու ինքնիշխանությունը կարևոր ու առաջնային արժեքներ են, բայց այն միայն ցանկություններով չի լինում։

Ի՞նչ բացարձակ ինքնիշխանություն, եթե դու ինքնուրույն քո սահմանները չես  կարողանում պաշտպանել։

Ինքնիշխանությունից չի կարող խոսել նա, ով թուրքերի ձեռքին ֆուտբոլի գնդակից ավելի ցածր աշխարհաքաղաքական կարգավիճակ ունի։

Ի վերջո՝ վերպետական կառույցներին անդամակցելն անկախության սահմանափակո՞ւմ է, թե՝ ոչ։

Եթե՝ այո, ի՞նչ գործ ունենք ԵԽԽՎ-ում, ԱՊՀ-ում կամ ԵԱՏՄ-ում։

Ի՞նչ ինքնիշխանություն, եթե Արցախից հրաժարվում ես, իսկ արցախցիներին թողնում ռուսների պաշտպանության հույսին։

Ինքնախաբեությունն ամենավատ բանն է։

Հայաստանը նիկոլիզմի օրոք զրկվել է ինքնիշխանությունից։

Ինքնիշխանության վերականգնումը կարող է սկսվել նիկոլիզմի հեռացումով, ազգային իշխանության ձևավորումով ու հայ-ռուսական իրական դաշնակցության կնքումով»։