Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներն առերես բանակցություններ կվարեն. «Վեդոմոստի»

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարող են հանդիպել Ռուսաստանում և եռակողմ բանակցություններ վարել Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։ Հանդիպման նախապատրաստման մասին ասել է «Վեդոմոստի»-ի դիվանագիտական աղբյուրը։

Նրա խոսքով՝ աշխատանքն սկսվել է հոկտեմբերի 14-ին Աստանայում Պուտինի հաշտարար ելույթից հետո, երբ քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի տարածքային վեճերը։ «Վեդոմոստի»-ի մեկ այլ աղբյուր նշել է, որ այդ բանակցությունները կարող են տեղի ունենալ հոկտեմբերի վերջին օրերին, որպես դրանց անցկացման հիմնական վայր դիտարկվում են Մոսկվան և Սոչին։ «Ամենայն հավանականությամբ, կընտրվի Սոչին»,- նշել է աղբյուրը։

Ավելի վաղ Փաշինյանի և Ալիևի երկու հանդիպումներ՝ մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և մյուսը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ, տեղի են ունեցել Պրահայի Եվրոպական քաղաքական ընկերակցության գագաթաժողովում հոկտեմբերի 6-7-ին։ Մակրոնի մասնակցությամբ գագաթնաժողովը, որին ներկա էր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ավարտվել էր հայտարարության ընդունմամբ։