ՀՀ փոխվարչապետն ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահի գլխավորած պատվիրակությանը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը հոկտեմբերի 21-ին ընդունել է Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահ Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալամի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակից:

Ողջունելով հանդիպման մասնակիցներին` փոխվարչապետն ընդգծել է հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների շարունակական ամրապնդման և զարգացման կարևորությունը:

Անդրադառնալով Շարժայի ժառանգության ինստիտուտի հետ համագործակցությանը` Մաթևոսյանը կարևորել է առկա օրակարգը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նոր ուղղություններով ընդլայնելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են մշակույթի և կրթության ոլորտներում ինստիտուցիոնալ համագործակցության ընդլայնմանը և միջմշակութային երկխոսության նոր հարթակների ձևավորմանը վերաբերող հարցեր: Աբդուլ Ազիզ Ալ-Մուսալամը փոխվարչապետին է ներկայացրել այս ուղղություններով արդեն իսկ մեկնարկած համատեղ ծրագրերը` վստահություն հայտնելով դրանց շարունակականության վերաբերյալ:

Շարժայի ժառանգության ինստիտուտի նախագահը փոխվարչապետին է փոխանցել նաև Շարժայի էմիրության կառավարիչ Շեյխ Սուլթան բին Մոհամադ Ալ Կասիմիի ողջույնները` վերահաստատելով երկկողմ հարաբերությունների հետագա խորացմանը նպաստելու պատրաստակամությունը: