Արևային էներգիայի օգտագործումը հետպատերազմյան Արցախում լայն տարածում է գտնում

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը գրում է․

«Արևային էներգիայի օգտագործումը հետպատերազմյան Արցախում լայն տարածում է գտնում՝ հաշվի առնելով մանավանդ կենսական ենթակառուցվածքների գործունեության պարբերական խոչընդոտումը Ադրբեջանի կողմից:

ԱՀ կառավարության ու մասնավորի համագործակցությամբ մի շարք առողջապահական ու կրթական հաստատություններում, բնակելի տներում հաջողությամբ ապահովվում է շուրջօրյա տաք ջուրը: Սակայն պետական միջոցները դեռևս բավարար չեն ամբողջությամբ իրացնելու էներգիայի մաքուր աղբյուրը:

Այսօր մեծ ուրախությամբ ու երախտագիտությամբ միանում եմ ՌեԱրմենիա հարթակի նախաձեռնությանը, որը նպատակ ունի ԱՀ կառավարության համաֆինանսավորմամբ տաք ջրով ապահովել Հաղորտի գյուղը: Յուրաքանչյուրդ Ձեր հնարավորությունների չափով մասնակցելով դրամահավաքին՝ կօգնեք հաղթահարել գյուղաբնակների կենցաղային խնդիրները: Նորարարական լուծումները, գաղափարները ներդնելով համայնքներում՝ Դուք մասնակցություն ու պատասխանատվություն եք ցուցաբերում Արցախի սոցիալական, տնտեսական ու հոգեբանական անվտանգության առաջնագծում:

Իսկ Հաղորտին աստիճանաբար դառնում է օրինակելի գյուղ՝ իր նախաձեռնողականության, ստեղծագործականության ու նորարարության շնորհիվ: Եկե՛ք աջակցենք մեր պատկերացրած ապագայի գյուղի կայացմանը»: