Պատժամիջոցների պայմաններում իրանական աստղադիտակի կառուցումն ապշեցնող է. Science ամսագիր

Science ամսագիրը մի հոդվածում անդրադարձել է Իրանի ազգային աստղադիտարանի աստղադիտակով առաջին տիեզերական պատկերի ձայնագրմանը, նշելով, որ պատժամիջոցների պայմաններում նման մեծ նախագծի իրականացումն ապշեցնող է և վկայում է իրանցի գիտնականների՝ ինժեներական ոլորտում գրանցած առաջընթացի մասին: Այս մասին գրում է ParsToday-ը:

Պարբերականը գրում է. «Երբ իրանցիները սկսեցին այս նախագիծը, դրա  ավարտը պարզապես երազանք էր: Ազգային աստղադիտարանի կառուցման ժամանակ Իրանի աստղագետները ստիպված եղան հաղթահարել խոչընդոտներ, որոնց իրենց գործընկերներից քչերն են հանդիպում աշխարհի  այլ երկրներում: Դրանք պատժամիջոցներն էին, որոնք սահմանափակում էին առաջադեմ տեխնոլոգիաների ներմուծումը և վիզային սահմանափակումները, որոնք սահմանափակում էին նրանց արտասահման մեկնելը»:

Վերջերս Իրանի ազգային աստղադիտարանը գրանցել է NGC23 գալակտիկայի առաջին գունավոր պատկերը, որը գտնվում է  200 միլիոն լուսային տարի հեռավորության վրա։

Իրանի ազգային աստղադիտարանի 3,4 մետրանոց աստղադիտակի կողմից լուսային այս պատկերի գրանցմամբ՝  իրականացվել է այս նախագծի ավարտական փուլի և աստղադիտակի ենթահամակարգերի հավաքման վերջին քայլը: