Բարձր ենք գնահատում մեր երկրի ողնաշարի հատվածում Իրանի գլխավոր հյուպատոսություն բացելը. Արարատ Միրզոյան

Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսությունը Հայաստանի և Իրանի ջերմ հարաբերությունների ցուցանիշ կլինի և կարևոր նշանակություն կունենա տարածաշրջանում խաղաղության և անվտանգության ապահովման համար։ Հոկտեմբերի 21-ին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ այս մասին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նա նշեց, որ Հայաստանը բարձր է գնահատում գլխավոր հյուպատոսություն բացելու Իրանի որոշումը Սյունիքի մարզում, որը հանդիսանում է Հայաստանի ողնաշարը։

«Այսօր նշանակալի օր է հայ-իրանական բարեկամական հարաբերությունների բազմադարյա պատմության մեջ։ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումը և նրա արդյունավետ գործունեությունը նոր որակ կհաղորդեն երկու երկրների առանձնահատուկ հարաբերություններին, կխթանեն համագործակցությունը և կնպաստեն հայ-իրանական կապերի զարգացմանը։

Հատկանշական է, որ այս կարևոր իրադարձությունը տեղի է ունենում Հայաստանի և Իրանի միջև հարաբերությունների հաստատման 30-ամյակին։ 30 տարիների ընթացքում մեր անցած ճանապարհը նշանավորվել է ռազմավարական բնույթի հարաբերությունների, բարեկամության և սերտ գործընկերության անկեղծ ցանկությամբ: Վստահ եմ, որ այսուհետ կգործադրվեն բոլոր անհրաժեշտ ջանքերը փոխշահավետ համագործակցության խորացման և ամրապնդման համար»,- ընդգծեց նախարարը։