ԵԱՏՄ երկրների միջև առևտրի ծավալը 2021թ. հասել է պատմական առավելագույնին. Միխայիլ Միշուստին

ԵԱՏՄ անդամ պետությունների միջև առևտրի ծավալը անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այս մասին Երևանում հոկտեմբերի 21-ին, Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում ասել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։

Նա, մասնավորապես, շնորհակալություն է հայտնել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին գագաթաժողովի փայլուն կազմակերպման և ավանդական հյուրընկալության համար։

«Կոնսենսուսի հիմքով, հարգանքով վերաբերվելով բոլոր տեսակետներին, առաջին հերթին ԵԱՏՄ անդամ պետություններին, մենք միասին շարունակում ենք կառուցել համագործակցության ներդաշնակ համակարգ Միության գործունեության բոլոր ոլորտներում։ Դա արվում է այն բանի համար, որպեսզի, առաջին հերթին, ապահովվի մեր քաղաքացիների կյանքի որակի բարձրացումը՝ ստեղծելով առավելագույն հարմարավետ գործարար միջավայր։ Անդամ պետությունների ապրանքաշրջանառության դինամիկան արտացոլում է ինտեգրացիոն այն գործընթացների դրական արդյունքը, որոնք մենք, ըստ էության, այստեղ այսօր քննարկում ենք»,- ասել է Միշուստինը։

Ռուսաստանի կառավարության ղեկավարը շտապել է նշել, որ առևտրի ծավալը անդամ պետությունների միջև անցած տարի հասել է պատմական առավելագույնին։ Այն գերազանցել է 73 մլրդ դոլարը, ինչը մոտ 33 տոկոսով ավելին է, քան 2020թ.։

«Իսկ եթե խոսենք  մթերային ապրանքների, գյուղատնտեսական հումքի մասին, ապա աճն այստեղ կազմել է մոտ 21 տոկոս։ Փոխադարձ մատակարարումների ֆիզիկական ծավալն ավելացել է 11 տոկոսով։ Ընդ որում՝ ռուսական ռուբլին մնացել է հաշվարկների հիմնական արժույթը և օգտագործվել է վճարումների 72 տոկոսի դեպքում»,- ընդգծել է Միխայիլ Միշուստինը։