Էդգար Ղազարյանի նկատմամբ բռնությունից օրուկես հետո էլ «իրավապահ» կոչվածները չեն կազմել նրա վրա հարձակվողների ֆոտոռոբոտները. 2

Սկիզբը` այստեղ 

Դեռ հոկտեմբերի 18-ին կարդալով այն տեղեկատվությունը, որը ոստիկանությունը հաղորդել էր ԶԼՄ-ներին հասարակական- քաղաքական գործիչ, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնության առնչությամբ, գոնե ինձ համար պարզ էր արդեն ոստիկանության և, ընդհանրապես, «իրավապահ» կոչվածների վերաբերմունքը կատարվածին: Ահա այդ տեղեկատվությունը.

«Այսօր ժամը 11:45-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապ օգնության խումբը Եղբայրության փողոց 16/2 հասցեի մոտից մարմնական վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխել Էդգար Ղ․-ին։

Մեկնել է օպերատիվ խումբ։ Հանգամանքները պարզվում են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել է նախաքննական մարմին»:

Դուք այս տեղեկատվությունից որևէ բան իմացա՞ք, թե նշված Եղբայրության փողոցը Հայաստանի որ բնակավայրում է գտնվում, ով է Էդգար Ղ.-ն, այսինքն, որ խոսքը հասարակական- քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի մասին է, որևէ բան իմացա՞ք, թե Էդգար Ղ.-ն ինչից է մարմնական վնասվածքներ ստացել, չէ՞ որ մարդը կարող է ամենատարբեր բաներից մարմնական վնասվածքներ ստանալ, օրինակ, ճանապարհատրանսպորտային պատահարից, սայթաքել- վայր ընկնելուց, գլխին շենքի տանիքից կամ պատշգամբից ինչ- որ բանի ընկնելուց և այլն:

Դե, իհարկե, ոչինչ էլ չիմացաք այս ամենի մասին, անգամ մի քանի բառով նշված չէ, որ Էդգար Ղ.-ի նկատմամբ, ըստ վերջինիս հաղորդածի, դեռ չպարզված անձի կամ անձանց կողմից ֆիզիկական բռնություն է գործադրվել, և որ մարմնական վնասվածքներն այդ բռնության հետևանքն են: Կարելի է ենթադրել, թե Հայաստանում հասարակական- քաղաքական գործիչների նկատմամբ ամեն օր կամ գրեթե օրումեջ ֆիզիկական բռնություն է գործադրվում, և դա այնքան սովորական է դարձել, որ ոստիկանությունը հարկ չի համարում նշել այդ մասին:

Նույն օրը երեկոյան հայտնվեց , որ «Էդգար Ղազարյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով»:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ տեղեկությունը «Լուրերին» հայտնել է կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը»:

Ի՞նչ ծեծ… Ըստ Էդգար Ղազարյանի, իր նկատմամբ կատարված բռնությունը քաղաքական պատվեր է, ավելի որոշակի` կատարվել է սպանության հանցափորձ` կապված իր ընդդիմադիր հասարակական- քաղաքական գործունեության, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և, ընդհանրապես, գործող իշխանության նկատմամբ իր սուր ու փաստարկված քննադատությունների հետ:

Սպանության հանցափորձի առումով հարկ է նկատի ունենալ, որ Ղազարյանին և հանրությանն առայժմ անհայտ, բայց իշխանական շրջանակներից ոմանց միգուցե հայտնի անձինք հարվածներն ուղղել են հասարակական- քաղաքական գործչի գլխին, այսինքն` կենսականորեն կարևոր օրգանին, որին ուղղված հարվածները կարող էին նաև մահվան հանգեցնել: Ընդ որում, Ղազարյանի վրա հարձակվողները, տուժողի տեղեկացմամբ, չեն բավարարվել իրեն սոսկ 1- 2 հարված հասցնելով, հարվածները եղել են բազմաթիվ, այդ թվում ոչ միայն ձեռքերով, այլև ոտքերով, երբ արդեն ընկած է եղել գետնին, դրանք ուղղված են եղել նաև գլխին: Ենթադրելի է, որ գանգամաշկի պատռվածքը, որի վրա բժիշկները հիվանդանոցում 3 թե 4 կար են դրել, կռփազենքով կամ կոշիկով ստացած հարվածի հետևանք է:

Քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել են , որ «նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից առողջությանը թեթև վնաս պատճառելու հատկանիշներով»։

Արարքի քրեաիրավական ճիշտ գնահատականի բացակայությունը մատնանշելուց բացի, Ղազարյանը սխալ և անընդունելի է համարում նաև իր առողջությանը պատճառած վնասի աստիճանի վերաբերյալ վերոնշյալ հոդվածից ակնհայտ գնահատականը` թեթև… Եվ սա` այն դեպքում, երբ գլխին 3- 4 կար է դրվել, բացի այդ, ոչ դեպքի օրը, ոչ էլ նույնիսկ երեկ իրեն դատաբժշկական փորձաքննության չեն ուղարկել, դատաբժշկական փորձաքննություն չի կատարվել, նշված գործողություններն արվել են միայն այսօր, եզրակացությունն էլ դեռ չկա:

Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետը պատիժ է նախատեսում մի խումբ անձանց կողմից անձի առողջությանը թեթև վնաս պատճառելու համար: Տվյալ արարքը «պատժվում է հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:

Կարծում ենք, պատահական չէ և կատարվածի առնչությամբ «իրավապահ» կոչվածների և, ընդհանրապես, իշխանության վերաբերմունքն է մատնում նաև այն, որ քրեական վարույթը նույնիսկ Քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի («Առողջությանը թեթև վնաս պատճառելը») հատկանիշներով  նախաձեռնելու պարագայում, քրեական վարույթը, 171-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետից բացի, չի նախաձեռնվել նաև նույն հոդվածի նույն մասի 1-ին կետի հատկանիշներով` առողջությանը թեթև վնաս պատճառելը, որը կատարվել է «անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ» (ընդգծումները` մերը):

Ավելին. ինչպես պարզեցինք Հայաստանի ոստիկանական բռնապետության պաշտոնական կայքի  ուսումնասիրությամբ, Էդգար Ղազարյանի նկատմամբ կատարված բռնության մասին այնտեղ որևէ հաղորդագրություն կամ տեղեկատվություն չկա թե՛ լրահոսում, թե՛ օպերատիվ ամփոփագրերում, մասնավորապես, վերջինիս «Մարմնական վնասվածք» բաժնում, որտեղ այն, ըստ նախաձեռնված վարույթի կամ Քր. օր.-ի ընտրված հոդվածի, պետք է լիներ:

Ստորև ներկայացնում եմ LIVE.news.am-ին դեպքից մեկ օր առաջ` հոկտեմբերի 17-ին Էդգար Ղազարյանի տված հարցազրույցը ` «Փաշինյանը Ալիևին դրդում է նոր պատերազմի» վերտառությամբ, ինչպես նաև իր վրա կատարված հարձակումից մոտ 15 ժամ առաջ Էդգար Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը , որոնք հավանաբար բացահայտել են Նիկոլ- Ալիև զույգի պլանները ու խիստ զայրացրել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողին: Կատարվածի առնչությամբ շան գլուխը թերևս հենց այդ հրապարակումներում պետք է փնտրել… Ինչպես մեզ հետ զրույցում նշեց Էդգար Ղազարյանը, ինքը նույնպես այդ կարծիքին է:

 

Արթուր Հովհաննիսյան