Իշխանական շրջանակներից պատվիրվել էր սպանե՞լ քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին (տեսանյութ)

Արմինե Սիմոնյանի «Մենք» հեղինակային հաղորդաշարի հյուրերն են՝ միջազգայնագետ Մենուա Սողոմոնյանը և իրավաբան Արամ Պետրոսյանը։ 

Իշխանությունը շարունակում է մնալ սեփական գործելաոճին հավատարին՝  տարբեր մեթոդներով փորձելով ճնշել,  լռեցնել ազգային, գաղափարական ընդդիմությանը։ Այս հարցում` նրանք  մեթոդների ընտրության առաջ կանգ չեն առնում. քրեական գործեր են  հարուցում,  կալանավորում, մարդկանց անգամ  հասցնում մահվան, կամ  պատվիրված  ծեծի ենթարկում։

Երկու օր առաջ դեռ անհայտ անձիք դաժան ծեծի էին  ենթարկվել հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանին։ Դեպքը տեղի է ունեցել պարոն Ղազարյանի շենքի բակում: Ականատեսները փաստում են, որ երկու անձիք  դարանակալած, նախապես սպասել են  Էդգար Ղազարյանին, և նրա մոտենալուն պես, առանց որևէ խոսք ասելու`հարձակվել և  սկսել են  հարվածներ  հասցնել նրան,  ապա դիմել են  փախուստի:

Մենուա Սողոմոնյանը նկատեց, թե․ «Էդգար Ղազարյանն այսօր  իրականացնում է հանրային գործունեություն,  նրան՝ իր քաղաքական հայացքների համար հեռացրել են Տնտեսագիտական համասարանից, Պետական կառավարման ակադեմիայից։ Այսօր նրա գործունեությունն ուղղված  է հանրությանը՝ ցույց տալու սպասվելիք վտանգները «խաղաղության պայմանագրի» ստորագրման պարագայում։ Նրան ահաբեկելը, լռեցնելը ձեռնտու է այս իշխանությանը։ Նրան լռեցնելու հարցում մենք տեսնում ենք երեք շահառուների՝ Թուրքիային, Ադրբեջանին ու գործող իշխանությանը»։

Հիշեցնենք, որ միջադեպից առաջ Էդգար Ղազարյանը քննադատաբար էր արտահայտվել վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հասցեին։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ նրա խոսքը վրդովվեցրել է տիկնոջը, Մենուա Սողոմոնյանը չբացառեց․«Եթե  չտրվի հստակ գնահատական, եթե չբացահայտվի իրական պատվիրատուն, ուրեմն սա իսկապես քաղաքական պատվեր է, ինչն արվում է ազգային գործիչներին լռեցնելու նպատակով»։

Հիշեցնենք, որ  Էդգար Ղազարյանը  լրագրողների հետ զրույցում ասել էր․ «Հարվածները հասցնում էին գլխիս, երևի ունեին սպանելու մտադրություն»։ Հարցին՝ գործ ունենեք մահափորձի հե՞տ, իրավաբան Արամ Պետրսյանն ասաց․«Հարվածել են նրա գլխին ինչը կարող էր վտանգավոր հետևանքի բերել։ Նաև շեշտեմ, որ կատարվածը շատ արագ հնարավոր էր բացահայտել, տեղամասում կային բազմաթիվ տեսանկարահանող սարքեր, դեպքը եղել է օրը ցերեկով՝ բազմաթիվ վկաների ներկայությամբ։ Բայց մինչ հիմա անգամ Ղազարյանին փորձագետի մոտ չեն տարել։ Ոստիկանությունը չի արձագանքել, իրավապահ համակարգը լռում է։  ՄԻՊ-ը ևս լռում է։ Սա շատ վտանգավոր հետևանքերի  կարող է  հանգեցնել»։

Նկատեցին՝ վստահություն չկա, որ կբացահայտվեն իրական պատվիրատուները, քանի որ իրավական համակարգը դարձել է մեկ անձի կողմից կառավարվող, գրպանային համակարգ։

Մենուա Սողոմոնյան․ «Պատկերացրեք ի՜նչ փոթորիկ տեղի կունենար, եթե լգբտ ակտիվիստի ծեծեին։ Լռում է նաև քաղհասարակությունը, քանի որ սերտաճած է այս իշխանության հետ»։ Ի դեպ, լռում է նաև մարդու իրավունքների պաշտպան  Եվրոպան, իշխանության կողմից  ընդդիմությանն ուղղված հակաիրավական քայլերը չեն դատապարտվում:  Ստացվում է, որ  դատարանների դռները շրջափակման հրահանգ տվողը, ընդդիմության գլխին մուրճ ճոճողը, մամուլը լռեցնողը, քաղբանտարկյալներով երկրը լցրածը՝ Եվրոպայի սրտով է։

Արամ Պետրոսյան․«Այս ամենով հանդերձ, մենք ավելի վճռական ենք լինելու, այլևս չունենք կորցնելու բան, այն անձը, ով մտածում է, թե մեր երկրում կա մի սար,  որի համար պետք չէ կռվել՝ նա պետք է հեռանա։ Եթե մի երկրի ղեկավար չի կարողանում երկիր կառավարել, ով հանձնում է Արցախը, ով անկարող է բանակը  զենքով ապահովել՝ պետք է հեռանա։ Եթե դու տեղում չես՝ գնա, որովհետև  իրավիճակը օրհասական է,  բայց դեռ փրկել հնարավոր է։ Չեմ կարծում, որ Հայաստանում չկան  այնպիսի տղամարդիկ ու կանայք, ովքեր պատրաստ կլինեն մահվան գնով կասեցնել այս իրավիճակը»։

Մենուա Սողոմոնյան․ «Պետությունների վարաքագծի հիմքում ոչ թե միջազգային իրավական սկզբունքներ են, ոչ թե արժեքներն են, այլև շահերը։ Ինչ առումով է ՀՀ գործող իշխանության արտաքին քաղաքական ուղեգիծը շահավետ Արևմուտքի համար, քանի որ Արցախից հրաժարումը հավաքական Արևուտքի  թշնամիներից մեկին՝ ՌԴ-ին այս տարածաշրջանից դուրս է հանելու։ Եթե Արցախը հայաթափվի ռուսական խաղաղապահների այստեղ մնալը դառնում է անիմաստ։ Հետևաբար, քանի որ ՀՀ ներկաիս  իշխանությունն ինքը հայտարարում է Արցախից հրաժարման մասին, ապա դա Արևուտքի համար դառնում է շահավետ»։

Բանախոսներն անդրադարձան նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից «խաղաղության պայմանագիր»  կոչվող փաստաթղթի ստորագրմանը,  Արևմուտքի ակտիցմանը Հայաստանում։

Հանգեցին հստակ հետևության․ Փաշինյանը պե՛տք է հեռանա, որպեսզի հնարավոր լինի փրկել Հայաստանը, Արցախը։

Հարցազրույցը դիտեք տեսանյութում։