Կապանում դիմավորել են Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոսին

Հոկտեմբերի 20-ին Կապան համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Թադևոսյանն ընդունել է Կապանում Իրանի նորանշանակ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինին: Այս մասին տեղեկացրել է Կապանի համայնքապետարանը։

Գոռ Թադևոսյանը շնորհավորելով Մորթեզա Աբեդիին Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս նշանակվելու կապակցությամբ՝ վերջինիս է փոխանցել համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները։

Հանդիպումը թեև ճանաչողական բնույթ էր կրում, բայց և հիմնական թեման վաղը Կապանում Իրանի հյուպատոսության պաշտոնական բացումն էր և այդ համատեքստում նախապատրաստական ու կազմակերպչական հարցերի քննարկումը։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև հյուպատոսության բացումից հետո ակնկալվող հարաբերությունների մակարդակը բարձրացնելու շրջանակներում հնարավոր համագործակցության ուղղությունների մասին՝ խոսելով առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության և այլ հարցերի վեաբերյալ։

Գոռ Թադևոսյանը հյուպատոսին է հայտնել, որ Կապանի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում արդեն իսկ սկսվել է պարսկերենի դասավանդումը։ Հանդիպմանը անդրադարձ է եղել նաև Կապանի և իրանական որևէ քաղաքի միջև քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու հնարավորությանը։