Թուրքիան երկարաձգում է Ակնայում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնում իր զինվորականների գտնվելու ժամկետը

Թուրքիայի խորհրդարանի նախագահությանն է ներկայացվել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրն Արցախի օկուպացված տարածքում՝ Ակնայում (Աղդամ) ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնում թուրքական զորքերի մանդատի երկարաձգման մասին։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Կենտրոնը ստեղծվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության հաջորդ օրը ստորագրված ռուս-թուրքական համաձայնագրով՝ Արցախում հրադադարի պահպանման ռեժիմի մշտադիտարկման համար։ Կենտրոնում մշտադիտարկումն իրականացնում են 60-ական թուրք և ռուս սպաներ։