Հայաստանը միջազգային հանրության ակտիվ, նախաձեռնող և պատասխանատու անդամ էր շնորհիվ հուսալի գործընկեր Սերժ Սարգսյանի

ՀՀԿ ԵԿ նախագահ Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

««Հայրենիքն ապրում է հայրենասիրությամբ, կործանվում` դրա պակասի պատճառով». Գարեգին Նժդեհ

Մեզ հարկավոր էր գտնել հայի ապրելու բանաձևը, յուրացնել հաղթելու դասը, այլապես վերջնական և անդառնալիորեն կկորցնեինք երկիրը։

1988թ-ին հայը ոտքի ելավ` պաշտպանելու իր ոտնահարված իրավունքներն ու ազատությունները և միավորեց համայն հայությանը մեկ գաղափարի շուրջ` հայը պետք է ապրի իր սեփական հողում՝ ազատ ու անկախ, շենացնի իր պապերի երկիրը և կերտի սերունդների ապագան:

Արցախյան պատերազմը կոտրեց ստրկամտության կարծրատիպերն ու կաղապարները. մենք սկսեցինք ուղղել մեր նախորդների սխալները, շտկել կորացած մեր մեջքը և ազատագրել տարածքները: Սա հոգեբանական լրջագույն հեղաբեկում էր, երբ հայ ազգն իրեն զգում էր որպես երկրի և քաղաքակրթության տեր: Սերժ Սարգսյանը իր մարտական ընկերների հետ կատարեց պատմական այս առաքելությունը։ Սերժ Սարգսյանի,նրա մարտական ընկերների շնորհիվ ունեցանք այն, ինչը չունեինք դար ու դարեր: Ունեցանք Բանակ: Ունեցանք հայրենիքի զինվոր: Հայոց բանակը մեր երեկն է, մեր այսօրը, մեր վաղվա օրը,  մեր հարատևության առհավատչյան, մեր լինելիության երաշխիքը:

Վերջապես կայացել էինք ու ունեինք ազգային գաղափարախոսություն։ Ազգային գաղափարախոսություն, որը կդառնար մեր կյանքը կազմակերպելու օրենքը, որը կդրվեր կրթադաստիարակչական ծրագրերի հիմքում։

Առաջնորդվելով ագգային-պետական մտածողությամբ, բանիմացությամբ, անձնական անշահախնդրությամբ, ցուցաբերելով բացառիկ կազմակերպչական տաղանդ ու հետևողականություն, իր արդյունավետ գործունեությամբ Սերժ Սարգսյանը կարողացավ ապահովել երկրի կայունությունը, անվտանգությունը, նրանում իրավակարգի հաստատումն ու ամրապնդումը  և այդ կերպ մեծապես նպաստեց նորաստեղծ պետականության ամրապնդման գործին:

Աշխարհի վրա չկա ավելի սրբազան բան, քան ծառայել Հայրենիքի անվտանգությանը. այս խոսքերն էին ընկած Սերժ Սարգսյանի գործունեության հիմքում։

Դրսևորելով ռազմաքաղաքական ու պետական գործչի բացառիկ ընդունակություններ` Սերժ Սարգսյանը ոչ միայն ապացուցեց, որ հայությանը անհնարին է հաղթել, այլև կարելի է զարգացման ու հզորացման ուղիով տանել ազգին, ամրապնդել մեր երկրի հեղինակությունը համաշխարհային բեմահարթակում: Սերժ Սարգսյանի կառավարման վերջին տասնամյակի ընթացքում առավել ակտիվ և նախաձեռնող արտաքին

քաղաքականության ուղեգծի իրականացման արդյունքում շեշտակիորեն ավելացել է

Հայաստանի ներգրավվածությունը տարածաշրջանային և միջազգային գործընթացներում։ Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի առաջմղման արդյունքում ամրապնդվել է փոխգործակցությունն ավանդական գործընկերների հետ,

համագործակցություն է ծավալվել տարածաշրջանային և միջազգային ֆինանսական ու տնտեսական կառույցների շրջանակներում:

Վերջին տասը տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատվել 16 պետությունների հետ:

Հիմնել է 15 դեսպանություն և 4 գլխավոր հյուպատոսություն, երկու ներկայացուցչություններ միջազգային կազմակերպություններում,

Հայաստանում բացվել են 9 դեսպանություններ և 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ:

Ստորագրվել է մոտ ինը հարյուր միջազգային պայմանագիր: Նախագահի մակարդակով կատարվել է շուրջ երկու հարյուր օտարերկրյա այց, Հայաստան են այցելել հիսուն պետությունների ղեկավարներ:

Բարձր մակարդակի շփումները, ընդլայնել   են փոխգործակցությունն ամենատարբեր ոլորտներում՝ քաղաքական երկխոսությունից մինչև զարգացման ծրագրեր: Հայաստանը միջազգային հանրության ակտիվ, նախաձեռնող և պատասխանատու անդամ էր հուսալի գործընկեր Սերժ Սարգսյանի շնորհիվ։

Այս ձեռքբերումները հնարավորություն էին ընձեռում շարունակել Հայաստանի սկզբունքային ու վստահելի գործունեությունը միջազգային բեմահարթակում: Հայրենապաշտ հայը սերունդներին պատգամեց ամուր և հաստատուն մնալ հայրենի հողում՝ ապրելով ու արարելով հանուն ազատ ու անկախ  Հայաստանի»։