Ջրի նմուշառում՝ Սևանա լճի ավազանում. նմուշները կհետազոտվեն Գերմանիայում

EU4Sevan ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 10-ին մեկնարկել են Սևանա լճի ավազանում ստորերկրյա ջրերի որակի, մակերևութային ջրերի հետ փոխազդեցությունների, ծագման և հասակի ուսումնասիրությունները: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը:

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի ստորերկրյա ջրերի մոնիթորինգի ծառայության աշխատակիցները Գերմանիայի Դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի և Դարմշտադտի տեխնիկական համալսարանի գիտնականների հետ հոկտեմբերի 12-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճի ավազանում իրականացրել են ջրերի նմուշառումներ 13 ստորերկրյա ջրաղբյուրից (աղբյուր և հորատանցք), մակերևութային 2 ջրհոսքից և Արփա-Սևան թունելից։

Վերցված ջրի նմուշները հետազոտվելու են Գերմանիայի դաշնության Հելմհոլցի շրջակա միջավայրի հետազոտությունների կենտրոնի, Դարմշտադտի տեխնիկական համալսարանի և «ՀՄԿ» ՊՈԱԿ-ի լաբորատորիաներում։

Սևանա լճի ափամերձ՝ Չկալովկա գյուղից մինչև Կարճաղբյուր գյուղն ընկած հատվածում (85 կմ երկարությամբ), մոտորանավակով իրականացվել են ստորերկրյա ջրերի Սևանա լիճ խորքային հոսքի գոտիների հայտնաբերման աշխատանքներ՝ ջրում լուծված ռադոն գազի հայտնաբերման միջոցով: