Թեհրանը «կոդավորված» ուղերձներ է ուղարկել տարածաշրջանին

Իրանի կողմից Ադրբեջանական Հանրապետության հետ սահմանային հատվածում անցկացվող ԻՀՊԿ ցամաքային զորքերի զորավարժությունների ընթացքում բացի պաշտոնական հայտարարություններից, իրանական ավանդույթի համաձայն, Թեհրանը նաև «կոդավորված» ուղերձներ է ուղարկել տարածաշրջանին։ Այս մասին գրում է Iranologists թելեգրամյան ալիքը:

Այնուհետև գրված է․«Այդ ուղերձներից ամենաուշագրավը՝ ԻՀՊԿ-ի հետ ասոցացվող ռեսուրսներով զորավարժությունների սկիզբը ազդարարող տեսաֆիլմներից մեկն է, որում Արցախից բռնազավթված հատվածները ԻԻՀ հետ կապող Խուդաֆերինի կամրջի պատկերից հետո հայտնվում է Ղուրանի ալ-Բաղարա սուրահի 50-րդ այաթը՝

وَإِذْ فَرَقْنَا بِكُمُ الْبَحْرَ فَأَنْجَيْنَاكُمْ…

Հիշեք, որ մենք ձեր համար ճեղքեցինք այն ծովը (Նեղոս գետը) և փրկեցինք ձեզ․․․ ։

Սակայն Ղուրանից արված կիսատ մեջբերման շարունակությունում ասվում է՝

وَأَغْرَقْنَآ ءَالَ فِرْعَوْنَ وَأَنتُمْ تَنظُرُونَ

․․․ և կործանեցինք Փարավոնի տոհմը, մինչդեռ դուք միայն հետևում էիք դրան։

Ուշագրավ է, որ տեսաֆիլմի տարածումից օրեր առաջ՝ ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ադրբեջաներենով արված թվիթում հայտարարել էր, որ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը իսալմի դեմ արված ամենամեծ հանցագործություններից է։
Այս թվիթը, և տեսաֆիլմում Խուդաֆերինի կամրջի պատկերը հստակ ուղերձներ են պարունակում՝ ուղղված Ադրբեջանական Հանրապետությանը, որտեղ Արցախյան վերջին պատերազմից հետո Ի․ Ալիևը իրեն «Փարավոն» է զգում։
Ի հավելումն, ԻՀՊԿ ցամաքային զորքերի հրամանատար Մ․ Փաքփուրը զորավարժությունների բացման արարողության ժամանակ հայտնել է, որ ռազմական լողացող կամուրջների կառուցում է փորձարկվելու Արաքս գետի վրա։

Հ․Գ․ Ադրբեջանական լրատվական տիրույթում սա արդեն որակել են որպես ռազմական ինտերվենցիայի ակնարկ Թեհրանի կողմից, սակայն հարցեր են առաջանում Ղուրանից մեջբերված սուրայի երկրորդ հատվածի հասցեատիրոջ վերաբերյալ»։