Արցախցիների անվտանգությունը ապահովում են ռուս խաղաղապահները, ՀՀ ԶՈՒ-ն վերահսկողություն չունի՝ նոյեմբերի 9-ից հետո․ Էդուարդ Աղաջանյան

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում հայաստանյան զինված ուժերը որևէ վերահսկողություն նշված տարածքներում չունեն, և դա փաստ է։ Այս մասին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի եւ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի (ԺԳՀ) նախագահ Դեյվիդ Փրայսի համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Աղաջանյանը։

«Հետպատերազմյան շրջանում Հայաստանն Արցախին տրամադրել է աննախադեպ ֆինանսական օգնություն Արցախին և շարունակելու է տրամադրել, սակայն ես կարծում եմ, որ դժվար է ֆինանսական օգնությունը  հավասարեցնել ռազմական և անվտանգային երաշխքիների հետ։ Այս առումով պետք է ընդամենն արձանագրել, որ այո, ռուս խաղաղապահ կոնտինգենտի առկայությամբ է պայմանավորված  արցախցիների անվտանգությունը և այն փաստը, որ մեր հայրենակիցները շարունակում են ապրել իրենց հայրենիքում»,- ասաց  Էդուարդ Աղաջանյանը։

Նա ընդգծեց, որ կարևորում են տվյալ հարցում միջազգային հանրության ներգրավվածությունը, ինչը դիվանագիտական ջանքերի արդյունքում պետք է դառնա խորը և համապարփակ։