Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին դադարեցնել քրեական հետապնդումը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը և դադարեցնել Քոչարյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը։

Պաշտպան Արամ Օրբելյանը նշեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից 2003 թվականի ՀՀ քրեական օրենսգիրքն ուժը կորցրած է ճանաչվել, այսինքն՝ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ քրեական այն օրենսգիրքը, որով մեղադրանք է առաջադրվել Ռոբերտ Քոչարյանին, և որի հիման վրա էլ կազմվել է մեղադրական եզրակացությունը։

Օրբելյանի խոսքով՝ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի՝ հանցակազմի բացակայության հիմքով։

Պաշտպան Հայկ Ալումյանն էլ հավելեց, որ այդ հարցն իրենից իրավական վեճ է ներկայացնում, թե ընդհանրապես ուժը կորցրած օրենքը կարո՞ղ է կիրառվել, եթե ըստ էության Հայաստանում տարածքում այդ օրենքն այլևս ուժ չունի։ «Եթե այդ օրենքը որոշակի վերապահումներով հնարավոր է կիրառել ինչ-որ իրավիճակներում, ուրեմն քննարկենք նաև մյուս փաստարկները․․․»։

Լսելով կողմերին՝ դատարանը որոշեց միջնորդության լուծումը հետաձգել և դրան անդրադառնալ խորհրդակցական սենյակում՝ դատավճիռ կայացնելիս։