ԱՄՆ-ը կարող է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ Ռուսաստանին «ռազմական օգնություն ցուցաբերելու» համար. Politico

ԱՄՆ Սպիտակ տունը կարող է պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմ՝ իբր Ռուսաստանին զենք մատակարարելու համար, գրում է Politico-ն՝ հղում անելով ԱՄՆ նախագահի վարչակազմի աղբյուրներին։

Հրապարակման զրուցակիցների կարծիքով՝ հնարավոր սահմանափակումները կարող են հիմնականում տնտեսական լինել և ներառել արտահանման վերահսկողության խստացում։

Նշվում է, որ նոր պատժամիջոցները, եթե կիրառվեն, կարող են վերաբերել նաև երրորդ կողմերին, որոնք «օգնում են» Մոսկվային և Թեհրանին զենք մատակարարել։

«Մենք պատրաստվո՞ւմ ենք հավելյալ քայլեր ձեռնարկել Իրանի կողմից Ռուսաստանին զենք վաճառելու հետ կապված։ Միանշանակ՝ այո։ Յուրաքանչյուր ոք, ով Իրանին նյութեր է վաճառում, որոնք կարող են օգտագործվել անօդաչու թռչող սարքեր կամ բալիստիկ հրթիռներ արտադրելու համար, թող զգոն լինի, քանի որ մենք, անշուշտ, պատժամիջոցներ կկիրառենք յուրաքանչյուրի նկատմամբ, ով թույլ է տալիս, որ Իրանը օգնի Ռուսաստանին՝ ուկրաինացիներին սպանել»,- հաստատել է Politico-ի աղբյուրներից մեկը։

Կիրակի օրը The Washington Post-ի լրագրողները, վկայակոչելով ԱՄՆ հետախուզության տվյալները, հայտնել են, որ Իրանը մտադիր է Ռուսաստանին մատակարարել « Fatah -110» և «Zolfgar» փոքր հեռահարության հրթիռների խմբաքանակ և «լրացուցիչ» անօդաչու թռչող սարքեր:

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին հերքել է այս տեղեկությունը։