Իրանը հերքել է Ուկրաինայի պատերազմի համար Ռուսաստանին զենք վաճառելու մասին լուրերը

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդին մոտ կանգնած լրատվամիջոցը՝ Noor News-ը թվիթերյան գրառման մեջ անդրադառնալով Իրանի զենքի էմբարգոյի ավարտին, գրել է, որ Թեհրանը որևէ զենք չի ուղարկել Ռուսաստան՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Գրում է ParsTodayը:

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ջոզեպ Բորելը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության և Գերմանիայի, Դանիայի, Ավստրիայի և Ուկրաինայի արտգործնախարարները առանձին հայտարարություններով պնդել են, որ Ռուսաստանն իրանական անօդաչու թռչող սարքեր է կիրառել Կիևում, հավելելով, որ եթե դա ապացուցվի, Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կկիրառվեն:

Noor News-ն այս կապակցությամբ գրել է. «Պնդելով, որ Իրանը դերակատար է ուկրաինական պատերազմում, Ֆրանսիան փորձում է մեղադրել Իրանին 2231 բանաձևի և բանակցային գործընթացի խախտման եմջ, մինչդեռ Իրանը որևէ զենք չի ուղարկել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմում օգտագործելու համար: Բացի այդ, 2231 բանաձևի համաձայն՝ 2022 թվականի հոկտեմբերին դադարեցվել է Իրանի դեմ զենքի էմբարգոն»։