Զոհված զինծառայողների 18 ծնող տուժող է ճանաչվել. Որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից 18-ն արդեն տուժող են ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակներում, «Փաստինֆո»-ին հայտնել է ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն, անհամաչափ բենի ուժի գործադրմամբ, «Եռաբլուր»-ից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել «Եռաբլուր»։

Ոստիկանությունից հայտնել են, որ նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեև տեսանյութերում պարզ երևում է, որ ոստիկանները որևէ պահանջ չեն ներկայացրել․ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել զոհվածների ծնողներին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

Առ այս պահը որևէ ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել։